ՀՀ ԱԺ լիագումար նիստի ընթացքում խորհրդարանը քննարկել է մեծամասնականից հարյուր տոկոս համամասնական ընտրական համակարգին անցման վերաբերյալ ոչ իշխանական խմբակցությունների առաջարկությունը: Հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու խնդիրը դարձել է ոչ իշխանականների համար էական նշանակություն ունեցող հարց՝ չնայած այն հանգամանքին, որ երկրի համար կան ավելի հրատապ նշանակություն ունեցող խնդիրներ: Ավելին՝ ոչ իշխանական եռյակը իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու նախապայման է համարում հենց այս խնդրի իրականացումը:
Ոչ իշխանական ուժերը գտնում են, որ համամասնականով ընտրված պատգամավորներն ավելի որակյալ են, քան մեծամասնականով ընտրվածները, և մեծամասնական ընտրակարգը իշխանությունները օգտագործում են ընտրությունները կեղծելու համար:

 


Նախ պետք է նշել, որ Հայաստանում զուգակցվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերը: Նման զուգակցումը թույլ է տալիս շահել ընտրողների վստահության քվեն թե անձնապես, և թե կուսակցության գործունեության միջոցով: Ընտրական երկու համակարգերի առկայությունը բալանսավորում է ընտրական դաշտը, քանի որ եթե անձը, որը ցանկանում է ընտրվել որպես պատգամավոր, ապա պարտադիր չէ, որ անպայման ընդգրկվի կուսակցական ցուցակում:
Հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցումը քաղաքական դաշտում մոնոպոլ դիրքեր կապահովվի քաղաքական կուսակցությունների համար, և կունենա որոշակի թերություններ, քանի որ համամասնական ընտրական համակարգերում բավականաչափ թույլ է արտահայտված պատգամավոր-ընտրող կապը, և այս դեպքում ընտրողները ձայնը տալիս են կուսակցությանը, այլ ոչ թե կոնկրետ թեկնածուների, ու պատգամավորները ստիպված չեն լինում մշտական կապ պահել ընտրողների հետ՝ ի տարբերություն մեծամասնականի, երբ որ անհատները անընդհատ շփումներ են ունենում ժողովրդի հետ և անձնապես են պայքարում ընտրողների ձայները շահելու համար:

 

 


Հեղինե Բիշարյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ բողոքել է, թե իբր մեծամասնական ընտրակարգով հաղթում են խուլ ու համր մարդիկ, քան աշխատողները, ինչը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մեծամասնականը ավելի շատ աշխատանք է պահանջում ժողովրդի հետ: Ավելին՝ համամասնական ցուցակներում ևս կարելի է հանդիպել «խուլ ու համրերի», ընդ որում՝ դրանք շատ են և ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ցուցակներում:

 

 


Ինչ վերաբերում է այն խնդրին, որ իշխանությունները օգտագործում են մեծամասնական ընտրակարգը ընտրությունները կեղծելու և իրենց հաղթանակը ապահովվելու համար, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա համամասնական ընտրակարգի դեպքում իշխանություններին ոչ մի բան չի խանգարում ընտրությունների արդյունքները կեղծել և ավելի հեշտ ճանապարհով հաղթանակ ապահովվել, քանի որ կարող են իրենց ռեսուրսները կկենտրոնացնել միայն կուսակցության հաղթանակը ապահովվելու համար:

 

 


Խնդրի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ ոչ իշխանական ուժերը մեծամասնական ընտրակարգում արդյունավետ գործելու փորձ և եղանակներ չունեն և, կենտրոնանալով միայն համամասնական ընտրակարգում իրենց հաջողության ապահովման վրա, պարտություն են կրել, ուստի և նրանց շահերից է բխում համամասնական ընտրակարգին անցնելը:
Ավելին լավ կլիներ, որ ոչ իշխանական ուժերը մի կողմ դնեին իրենց ամբիցիաները և ոչ թե բարձրացնեին հարյուր տոկոս համահասնական ընտրակարգի անցման հարցը, այլ ընտրական մեխանիզմների կատարելագործման խնդիրը:

 

 

Նարեկ Պողոսյան