Պատմությունը վկայում է, որ դանիացի բժշկուհի Մարիա Յակոբսենը (1882-1960) հայերի մասին լսել է 13 տարեկան հասակում, երբ մի բանախոսության ժամանակ խոսք է գնացել աբդուլհամիդյան ջարդերի մասին։ 1907-ին Ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոններների հետ մեկնել է Կ․ Պոլիս, այնուհետեւ՝ Խարբերդ։ Տեսնելով հայ որբերի անմխիթար վիճակը՝ նա Քարեն Եփփեի, Քարեն Փիթըրսոնի, օրիորդ Բլեքի եւ այլ նվիրյալների հետ Խարբերդում, Այնթափում, Մալաթիայում եւ այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։ 1912-14-ին եղել է Դանիայում։ 1915-ի նախօրեին վերադարձել է Խարբերդ, արել հնարավորն ու անհնարինը հայությանն օգտակար լինելու համար։ 1919-ին առողջական խնդիրների պատճառով (որբերից վարակվել էր տիֆով) վերադարձել է հայրենիք։

 

 

Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է օտարերկյա բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներին՝ արգելելով նրանց հայանպաստ գործունեությունը, Յակոբսենը Դանիայից մեկնել է Լիբանան, զբաղվել որբահավաքությամբ եւ նրանց խնամքի, հայեցի կրթության ու դաստիարակության հարցերով։ Նա մինչեւ իր կյանքի վերջը գլխավորել է «Թռչնոց բույն» որբանոցը, որը հիմնել էր 1922-ին՝ Սայդայում, իսկ 1928-ին տեղափոխել Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը: Մարիա Յակոբսենը թողել է «Օրագրություն» հուշագրությունը, որը ականատեսի արժեքավոր վկայություն է հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի մասին։ Այն թարգմանվել է հայերեն եւ 1979-ին հրատարակվել Բեյրութում։

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ Յակոբսենը 1948 թ․ Հայաստան է ճանապարհել իր միակ դստերը՝ Աննա Յակոբսենին ու փեսային՝ Հովակիմ Հաբեշյանին, պատգամելով հաստատվել Հայաստանի գյուղերից մեկում: Ընտրությունը կանգ է առել Օձունի վրա, ուր Աննան աշխատանքի է անցել տեղի մանկապարտեզում եւ այն գլխավորել մինչեւ կյանքի վերջը: Օձունցիները նրան հուղարկավորել են գյուղի հնամյա եկեղեցու բակում: Այնտեղ է թաղված նաեւ ամուսինը: