«Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: (Տիգրանուհի)
Պատասխանում է հոգեբան Անուշիկ Պետրոսյանը
Որպեսզի կարողանանք հստակ տարբերել սերը կապվածությունից, նախ և առաջ պետք է որոշակի պատկերացում ունենալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել' ծանոթանալ, ճանաչել, հասկանալ, բացատրել' ինչպիսի զգացմունք է «սեր»-ը: Այդ պատճառով ես կփորձեմ հնարավորին չափով նկարագրել այդ զգացմունքի էությունը, առանձնահատկություններն ու ազդեցությունն անձի գիտակցականի և հոգևոր աշխարհի վրա: Սիրո և կապվածության տարբերակման մեջ մոլորվելու հավանականությունը մեծ է: Մարդիկ շատ հաճախ նույնիսկ նույնականացնում են դրանք:
Ի՞նչ է սերը: Ինչպիսի՞ն է այն…
Սերը մարդու առաջնային պահանջմունքներից մեկն է: Այն մարդուն տալիս է պատասխան էներգիա և հոգևոր հարստություն:
Սիրո հիմնական և ամենակարևոր հատկությունը բազմակողմանիությունն է: Սերը կարողություն է, ձգտում ինքնակատարելագործման։ Այն մարդկային հարաբերությունների յուրահատուկ տեսակ է։
Սերը շոշափում է մեր անհատականության այն մասը, որն անծանոթ է մեզ: Մեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է սպանիչ դատարկության մասնիկ, որն ի վիճակի է մեզ քայքայել: Սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու տառապանքների, երկու ոչ կատարյալ էակների հանդիպում: Սիրո մեջ մենք կիսվում ենք այլ մարդու հետ նրանով, ինչը տանջալիորեն չի հերիքում մեզ: Սերը հանգստություն չի տալիս, եթե նույնիսկ կորչում է հոգիների միաձուլումից առաջացած նախնական հիացմունքը, այն հուզում և ցնցում է մեզ' խորհրդավոր ձևով հյուսելով երկու ճակատագիրը միասնական սյուժեի մեջ, որը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:
Իսկական սերը խնդրանքով չի արտահայտվում . «Տուր ինձ այն, ինչ որ ունես դու, և ինչը չունեմ ես», այլ ավելի շուտ խոստովանությամբ . «Ինձ դուր է գալիս քո գտած, վերակենդանացման տանող ճանապարհը, այն, թե ինչպես ես հաղթահարում աղետը»:
Եվ այստեղ բոլորովին էլ կապ չունի «երկու կեսերի» մասին լեգենդը, որի համաձայն' սերը, միացնելով մեզ կատարյալ ամբողջության մեջ , այդպիսով մեզ երջանիկ է դարձնում:
Հենց նման պատկերացման մեջ է թաքնվում շատ ամուսնական զույգերի բաժանման պատճառը, երբ մարդը նկատում է, որ, չնայած սիրային հարաբերություններին, ամեն դեպքում կյանքից ինչ-որ անբավարարվածության զգացում ունի, նա կարող է որոշել, որ պարզապես չի գտել «իր կեսին» և պետք է փոխի զուգընկերոջը: Բայց դա, իհարկե, այդպես չէ: Իսկապես սիրել' նշանակում է խոստովանել. «Դու ինձ հետաքրքրում ես»:
Կապվածություն կարող է առաջանալ սիրուց, մինչդեռ հակառակը լինել չի կարող:
Սիրո վրա հիմնված կապվածության բոլոր տեսակներին բնորոշ են մի շարք ընդհանուր գծեր' փոխհասկացում և փոխադարձ աջակցություն, հոգատարություն, ուշադրություն, համատեղ ժամանակ անցկացնելու հնարավորության թանկ գնահատում և այլն: Կրքոտ սիրուց բխող կապվածության դեպքում դրանք համալրվում են փոխադարձ ֆիզիկական ձգտմամբ, կրքի առարկայով անսահման հմայվածությամբ, գեղագիտական ապրումներով:
Կապվածությանը նմանվող զգացմունքներին մի քանի տեսակներ կան.
Ամուր կապվածություն. Այս դեպքում մարդիկ առանց դժվարության կարողանում են ստեղծել մտերիմ հարաբերություններ և չեն վախենում չափազանց կախված դառնալուց: Նրանք ընդունակ են երկարատև սիրային կապեր պահպանել, որոնք բավականություն են պատճառում, այդ թվում և սեռական:
Զսպված կապվածություն. Նրանք, ովքեր դրսևորում են զսպված կապվածություն, հակված են որքան հնարավոր է մակերեսային փոխհարաբերությունների և մարդկանց հետ շփումներում զգալի տարածություն պահպանելուն: «Ես անհարմարավետության զգացում եմ ապրում, երբ հարաբերությունները դառնում են չափազանց մտերիմ»,- ասում են նրանք :
Տագնապային կապվածություն. Այս տեսակի կապվածությամբ հատկանշվող մարդիկ աչքի են ընկնում խոր հուզական երկբևեռությամբ, շրջապատողների նկատմամբ անվստահությամբ, ինչի հետևանքով խանդոտ են և սիրած մարդու հանդեպ վերաբերմունքում դրսևորում են իրենց որպես նրանց սեփականատերեր:
Այդպիսիք մշտապես վիճում են իրենց սիրեցյալի հետ և կոնֆլիկտային իրադրությունների ժամանակ բավական բուռն են արձագանքում իրենց հասցեին արվող դիտողություններին:
«Սերը վայելք է ու տանջանք , արբեցնող ազատություն և ծանրագույն ստրկություն: Այն տարերային է, անտրամաբանական , ղեկավարում է մեզ, կողմնորոշում մեր ճակատագիրը: Մարդիկ ապրում են սիրո համար և մահանում ' հանուն սիրո», - այսպես է սերը նկարագրել հայտնի պոետներից մեկը:
Շատերը ռոմանտիկ սիրո մասին խոսելիս, այն նկարագրում են մոտավորապես հետևյալ կերպ. «Սերը բանականության հետ ոչ մի կապ չունեցող, տարօրինակ, առեղծվածային ծնունդ է, որը հայտնվելով չգիտես որտեղից ու չգիտես ինչպես, մի ակնթարթում առնում է քեզ իր ճիրանների մեջ և դարձնում հավիտյան իր գերին: Դու ճանաչում ես նրան ինտուիտիվ: Եթե զգացմունքն իսկական է, ապա քեզանից երկար ժամանակ չի պահանջվի ինչ որ գուշակություններ անելու համար. դու կզգաս նրան միանգամից, առանց որևէ կասկածի:
Հանուն սիրո դու պարտավոր ես հրաժարվել ամեն ինչից: Օրինակ' ամուսնացած տղամարդը հանուն սիրո կարող է լքել իր օրինական կնոջն ու երեխաներին, ընտանիքի միակ, մինուճար զավակը' ծնողներին, արքան' իր գահը: Եվ դա ներելի է : Չէ որ սերը զոհողություններ է պահանջում : Այն արժանի է ցանկացած զոհաբերության: Սերը միշտ հայտնվում է անսպասելի, և դու անկարող ես ինչ որ բան անել, ինչ որ բան փոխել: Այն պարզապես ենթակա չէ քեզ»:
Սակայն սա ոչ թե սեր է, այլ ավելի շուտ կապվածություն: Իսկական սերը այդպիսին չի լինում: Չափազանց կարևոր է կապվածության և սիրո տարբերակումը, քանի որ միայն այդ կերպ մենք կարող ենք խուսափել, զերծ մնալ այն սխալներից, որոնք կարող են մեզ համար խիստ ճակատագրական լինել:
Տարեկան միլիոնավոր սիրահարված զույգեր գնում են ԶԱԳՍ և հանդիսավոր կերպով երդում տալիս սիրել միմյանց մինչև իրենց կյանքի վերջը: Շատ շատերը նրանցից ցանկալի ամուսնության մեջ իսկապես երջանիկ են լինում և հաջողակ: Իսկ մնացածները, հակառակ իրենց սպասումներին և պատկերացումներին, այդպես էլ չեն գտնում այդքան բաղձալի երջանկությունը, իսկ ամուսնությունը նրանց համար դառնում է պարզապես տանելի, կամ նույնիսկ ավելի վատ' անտանելի մի բան, իսկական դժբախտություն: Եվ նրանք ժամանակի ընթացքում աստիճանաբար հասկանում են, որ անհնարին է դարձել իրենց համատեղ կյանքը և միակ փրկությունը տեսնում են ամուսնալուծության մեջ:
Ո՞րն է այս ամենի պատճառը: Ինչու՞մ է տարբերությունը երջանիկ և դժբախտ զույգերի միջև:
Տարբերությունը նրանում է, որ առաջին տարբերակում զույգերն իրենց հարաբերություններն ու ամուսնությունը հիմնել, կառուցել են իսկական սիրո վրա, իսկ երկրորդ տարբերակում'զուտ կապվածության, այսպես կոչված «կեղծ սիրո» վրա:
Սերը դա միակ, եզակի ազատությունն է կապվածությունից: Եթե մենք իսկապես սիրում ենք, ապա ոչ մի բանի կապված չենք, չնայած հասարակությունը միշտ փորձում է մեզ պարտադրել հակառակը:
Կապվածությունը առաջանում է կորցնելու վախից, այսինքն, երբ մենք վախենում ենք կորցնել ինչ որ մեկին կամ ինչ-որ մի բան: Բայց ով գիտե' ինչ կլինի վաղը, գուցե դու այլևս չհանդիպես, չտեսնես քո սիրելիին, չէ որ այս կյանքում ամեն բան հնարավոր է, ոչ մի կտրուկ շրջադարձ պետք չէ բացառել: Բայց և կարող է լինել հակառակը' դու կարող ես ձուլվել նրա հետ ու դառնալ մեկ լիարժեք ամբողջություն: Իհարկե արտաքինով կլինեք տարբեր, անհատական, սակայն ձեր ներսում միայն մեկ սիրտ կբաբախի երկուսիդ համար: Այդժամ ձեր սերն այնքան անսահման ու մեծ կլինի, որ դուք պարզապես չեք էլ կարող առաջվանը լինել, դուք պարզապես կձուլվեք, կմիավորվեք, կլուծվեք նրա հետ: Այդ ժամանակ նույնիսկ անիմաստ էլ կլինի այն հարցը, թե ով ում է կապված: Դուք այժմ պարզապես միասին գոյություն ունեք, կաք: Ձեր մոտ ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չի առաջանա կապված ձեր երկրորդ կեսի հետ, նույնիսկ «վաղվա» ձեր վախը այլևս չի լինի:
Սերը չի կարող գոյություն ունենալ կապվածության հետ: Կապվածությունը, դա ձեր զուգընկերոջ անփոփոխ մնալու ձեր ցանկությունն է: Սակայն իրականում էական, կարևոր չէ փոխվում է ժամանակի ընթացքում ձեր զուգընկերը, թե ոչ: Կարևորն այն է, թե ձեր սերը պատկանում է ինչ որ մեկին, թե ոչ: Եթե ձեր սերը պատկանում է ինչ որ մեկին, կամ ավելի վատ' ինչ որ մի բանի, ապա դա իրականում սեր չէ: Եթե դուք իսկապես սիրում եք, ապա դուք պարզապես շնորհակալ եք, երախտապարտ եք ամեն գոյությանը, Աստծուն, ձեր ծնողներին, սիրելլիին: Այդպիսի սերը սահմանապակված չէ ինչ որ մեկով, կամ ինչ որ բանով: Այդպիսի սերն անսահման է ու անշահախնդիր:
Երբ սերը դառնում է կապվածություն, այն վերածվում է հարաբերությունների: Այն խլում է ձեզանից ձեր ազատությունը, և դուք հայտնվում եք բանտում:
Պատկերացրեք երկու ընտանիքների: Մեկն ապրում է մշտական վեճերի, խանդի տեսարանների, պահանջատիրական հարձակումների ու անվերջանալի պարզաբանումների մեջ: Ամուսինը երբեմն հարբում է, երբեմն էլ ձեռք բարձրացնում կնոջ վրա: Սակայն երկուսն էլ առանց իրար չեն կարող, չեն էլ ուզում ապրել: Երբ ամուսինը մի փոքր ուշանում է, կինը սկսում է անհանգստանալ: Իսկ, երբ կնոջ հետ է ինչ որ վատ բան պատահում, տղամարդը շատ ծանր է տանում: Նրանք բառիս բուն իմաստով «աճել» են միմյանց մեջ: Նրանք չեն կարող տանել բաժանումը, բաժանումը նրանց համար նույնն է, ինչ կրակի վրա ողջ-ողջ այրվելը: «Նրա հետ դժվար է, բայց ես առանց նրա չեմ կարող», -հառանչանքով ասում է կինը: «Նա լիրբ է, իսկական անբարոյական, բայց ես այնպես եմ կապված նրա հետ», - իր հերթին անկեղծանում է ամուսինը:
Այսպիսի իրավիճակում դժվար է խոսել Սիրո մասին, իսկ կապվածությունն ամեն դեպքում այստեղ ակնհայտ է:
Իսկ ահա մեկ ուրիշ ընտանիք: Նրանց մոտ ամեն ինչ արևոտ է ու հարմարավետ. ուրախություն, ժպիտներ, ջերմություն: Ամուսինները զարմանալիորեն ուշադիր ու հոգատար են միմյանց հանդեպ: Այստեղ կոնֆլիկտների հավանականությունը այնքան փոքր է: Իսկական իդեալական ընտանիք: Սակայն նույնիսկ կոնֆլիկտերի դեպքում ամուսինը շարունակում է մնալ նույնչափ խաղաղ ու լուսավոր: Եթե նույնիսկ որոշ հանգամանքների պատճառով բաժանվել է կնոջից, նա միանշանակ շարունակում է սիրել նրան ու իրենց երեխաներին: Բայց դրա հետ մեկտեղ նա սիրում է նաև ողջ աշխարհը ու իր կյանքը: Այստեղ կապվածության մասին խոսք լինել չի կարող: Այստեղ միայն սեր է: