Այն որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը բավականաչափ ճկուն ու պրոգրեսիվ կառույց է և իր գործունեությունը ծավալելիս բազմիցս կիրառել է նորագույն ժամանակների ընձեռած բազմաթիվ ռազմաստրատեգիական, տեխնոլոգիական, ենթակառուցվածքային հնարավորություններ, բազմիցս ենք համոզվել: Այն շարունակում է ուղղակի և հիպոտեթիկ կերպով սարսափ տարածել թե′ իր վերակսկողության տակ գտնվող տարածքներում, թե′ դրանց սահմաններից շատ հեռու, ինչպես նաև՝ հանդիսանալ միջազգային լրահոսի կարևորագույն նյուզմեյքերը:


Միևնույն ժամանակ ԻՊ-ը ոչ ավանդական կերպով պատերազմ է հայտարարել կառույցի դիրքերին Իրաքում և Սիրիայում օդային հարվածներ հասցնող միջազգային կոալիցիայի անդամ պետություններին՝ կոչ անելով իր համակիրներին և կողմնակիցներին միավորվելու և տարաբնույթ գործողությունների իրականացման ճանապարհով համատեղ պայքարելու «անհավատների ու հեթանոսների դեմ»: Սա է պատճառը, որ արևմտյան բազմաթիվ պետություններում աննախադեպ բարձր մակարդակի է հասցվել անվտանգության ծառայությունների գործունեությունը՝ պայմանավորված տարբեր ոլորտներում իսլամականներից սպասվող ահաբեկչական վտանգի՝ բավականաչափ իրատեսական սպառնալիքների մտավախությամբ:


Այս համատեքստում, բավականաչափ արդարացված է արևմտյան փորձագիտական շրջանակների այն մտավախությունը, որ ԻՊ-ի ահաբեկչական գործունեության համար նոր միջոց կարող է ծառայել համաշխարհային առողջապահական ամենաարդիական և վտանգավոր հիմնախնդրի՝ Էբոլայի կիրառումը սեփական նպատակների համար. ԻՊ-ի զինյալները կարող են իրականացնել «Էբոլային ահաբեկչություն», այսինքն՝ դրանով վարակված մահապարտները կարող են տարածել մահացու վիրուսը Արևմտյան պետություններում՝ հայտնվելով մարդկանց զանգվածային կուտակումներով հանրային նշանակության հաստատություններում: Իսլամականների նման գործունեության համար լայն հնարավորություն է ընձեռում հատկապես այն հանգմանքը, որ կառույցի շարքերում գործում են Արևմտյան պետությունների քաղաքացիություն ունեցող հազարավոր զինյալներ: Իսկ Էբոլան փոխանցվում է ընդամենը վարակված մարդու հետ ուղղակի ֆիզիկական շփման հետևանքով. մինչ այժմ դրանից մահացել է մոտ 4000 մարդ հիմնականում աֆրիկյան երկրներում, մինչդեռ վարակի տարածման տասնյակ դեպքեր են արձանագրվել արդեն նաև Արևմուտքում:

 

 

Արմեն Պետրոսյան