Մեր քաղաքական կյանքում ամեն բան միօրինակ ու հոգնածության հասցնող կանխատեսելի է:


Արարատի մարզում Եռյակը դարձյալ հանրահավաք արեց այն քաղաքում, որտեղ վարչական ռեսուրս ունի:
Նույն Արարատում մենք տեսանք այն, ինչ տեսել էինք Հրազդանում. մի խումբ կանայք խանգարում էին հանրահավաքը:


Պետությունը մեծանում է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը չեն հասունանում՝ մանկամիտ իրենց հնարքներով դառնալով ծիծաղի առարկա:


Արարատն, անշուշտ, ՙՙառանձնահատկություններ՚՚ էլ ուներ:


Դրանցից առաջինի հեղինակն Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն էր, ով տեռորիստի հոգեբանությամբ օգտագործեց երեխաներին՝ ընդդիմության հանրահավաքը հարամելու համար:


Մեղմ ասած՝ սիրուն չի:


Մյուս առանձնահատկությունն Եռյակի հանրահավաքի հարթակում էր:


ԲՀԿ պատգամավորները դարձյալ քննադատեցին իշխանությանն՝ որպես պահանջ ձևակերպելով ընդհանուր բնույթի կարգախոսներ:


Անգամ ՀԱԿ-ի Արամ Մանուկյանն, ով Աբովյանում հիշել էր իշխանավորների նախնիներին, Արարատում չափազանց զուսպ ելույթ ունեցավ:


Ահա այս ֆոնին՝ տեսանելի է, որ Եռյակի ձևաչափում ավտոնոմ նախաձեռնություն է ցուցաբերում ՙՙԺառանգություն՚՚ կուսակցությունը, որի ներկայացուցիչները՝ ժողովրդի միջոցով, փորձում են իրենց գործընկերներին, հատկապես՝ ԲՀԿ-ին, պարտադրել իշխանափոխության պահանջ:


Քանի մոտենում է հոկտեմբերի 10-ի, Եռյակի ֆորմատում օրակարգային կոնտրաստն ավելի ակնհայտ է դառնում...


Զարուհին էլ ասել է, որ հանրահավաքի չի գնալու, որովհետև օրակարգն իրեն չի բավարարում: ՙՙԹեժ՚՚ է լինելու Եռյակում...

 

 

Սուրեն Սուրենյանց