Ըստ մի շարք հետախուզական աղբյուրների և ահաբեկչության ֆինանսավորման հարցերով զբաղվող փորձագետների հաշվարկների՝ Սիրիայի և Իրաքի որոշ շրջաններում խալիֆայություն հռչակած «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն օրական վաստակում է 2 մլն դոլար՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում տարբեր բնույթի գործառույթներ իրականացնելու ճանապարհով:Կառույցի եկամուտների հիմնական աղբյուրներն են հանդիսանում նավթի վաճառքը, շանտաժն, առևանգումները, տարաբնույթ հարկերը, մաքսանենգությունը:


Վերոնշյալն, ըստ էության, փաստում է այն իրողությունը, որ ԻՊ-ն ինքնաբավ կազմակերպություն է և, ի տարբերություն այլ ծայրահեղական, ահաբեկչական կառույցների, նրա արտաքին հովանավորման ծավալները բավականաչափ փոքր են, ինչն ավելի է բարդացնում ԻՊ-ի դեմ քաղաքական պայքարի հնարավորություններն, ասենք, նման կառույցների արտաքին հովանավորների դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցների ճանապարհով:


Հետևաբար, «Իսլամական պետության» դեմ պայքարի միակ արդյունավետ միջոց է մնում առավել ակտիվ, համակարգված, նաև տարածաշրջանային ազդեցիկ ուժերի ներգրավմամբ ռազմական գործողություններն, այլապես՝ երկրագնդի բոլոր ծայրերում գտնվող իսլամականների համար օրեցօր ավելի գայթակղիչ դարձող կառույցը դեռ տևական ժամանակ գլխացավանքների պատճառ կդառնա ամբողջ միջազգային հանրության համար:

 

 

Արմեն Պետրոսյան