ԱՐՑԱԽՈՒՄ

 

Ջերմաջուրը առողջարանային ավան է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում է ծ.մ. շուրջ 2200մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից հարավ։ Հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Ավանի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Ջերմուկի հանքային ջրերին։ Հին ժամանակներից դրանք հայտնի են նաեւ «Տաք ջրեր» անունով: Եղել է Դոփյան իշխանական տան տիրույթում:
Ջրի արտանետման քանակությունը մեկ վարկյանում հասնում է մոտ 50 լիտրի, ջերմաստիճանը' 45 աստիճանի: Աղբյուրների ու բնական շատրվանների հարեւանությամբ կառուցվել են քարե լողավազաններ, ինչպես նաև այդ նպատակին են հարմարեցվել բնական կրաքարե գուռերը: Այստեղ ամեն ինչ շնչում է կուսական նախաստեղծ թարմությամբ եւ այցելուների համար հանդիսանում է անկրկնելի հանգստավայր: