Ալիևը ԵԽԽՎ-ում կրկին խոսեց <հայերի եկվոր լինելու, Արցախում 200 տարի առաջ հաստատվելու, իրենց մշակութային կոթողները ոչնչացնելու, ագրեսոր լինելու և այլնի մասին>, այսինքն՝ այն, ինչը դարձել է ադրբեջանական քարոզչության անկյունաքարային սկզբունքը, պայմանականորեն ասած՝ <արժեքային թիրախը>, նախ՝ չշեղվել ու չզիջել այս հարցում, ապա բոլորին համոզել այս <դրույթների> <ճշմարտացիությունը>, հետո առաջ բրդել որոշակի էմպատիա և հայտնվել շահեկան վիճակում: Այն, ինչի մասին արդեն գրել եմ՝ <սիմվոլիկ կապիտալի> կուտակումը և հակառակորդի ծագման նկատմամբ կասկածներ հարուցելը՝ իբրև հարևան երկրի ինֆորմացիոն պատերազմի ռազմավարություն: Ադրբեջանը շատ ավելի է ուժգնացնում կեղծիքնը՝ միաժամանակ դիրքորոշման կոշտացումը զուգահեռելով, իսկ չստանալով համարժեք պատասխան՝ սուտը հակված է ավելի ընդլայնվելու: <Որքան շատ է սուտը, այնքան մարդիկ ավելի են հակված դրան հավատալու>. Հիտլերի այս կարգախոսը Ալիև կրտսերը մեծ եռանդով օգտագործում է, նա միշտ <քարոզչական առիթներ> է ստեղծում, մինչդեռ մենք՝ սպասում առիթների, երբեմն էլ դա չենք էլ օգտագործում: Այդպիսի <քարոզչական առիթներ> են Հայաստանի մոնոէթնիկությունը և <հայկական երկրորդ հանրապետության> ստեղծումը, որոնք հատկապես վերջին շրջանում շատ հաճախ են օգտագործվում և աստիճանաբար դառնում են <քարոզչական արժեքային թիրախներ>:

 

Բայց համոզված կարելի է ասել, որ եթե մեզ մոտ այդպիսի հնարքներին տրվի համարժեք պատասխան, ապա ադրբեջանցիները կփոխեն սեփական քարոզչության <արժեքային թիրախները>, որովհետև պատմա-մշակութային ասպեկտը այն հարթակն է, որտեղ նրանք անվերապահ պարտվող են: Մենք չենք օգտագործում մեր հաղթաթուղթը, իսկ նրանք էլ այդ <բաց> տարածությունից փորձում են օգտվել: Պետք է նորից նշեմ, որ այս մոտեցումը ադրբեջանական երևակայության կամ էմոցիաների արդյունք չէ, այն բազմաթիվ տեսաբանների կողմից մշակված գիտական լուրջ հիմքերով տեսություն է, որը սահմանում է ինֆորմացիոն պատերազմի սկզբունքներն ու էությունը:

 

 

Արման Սահակյան