Հիմա, հատկապես հիմա, հրադադարի ռեժիմի խախտումների չկանխարգելելը, և ռազմական գործողությունների թեժացման չկասեցնելը, միանշանակ կլինի Կրեմլի օգտին։ «Բաժանիր որ տիրես» գաղութատիրական քաղաքականության սկզբունքի կիրառումը տվյալ դեպքում «թուլացրու, հյուծի, ուժասպառ արա, որ տիրես» տարբերակով, միանշանակ կհանգեցնի և Հայաստանի, և Ադրբեջանի այնպիսի ողբալի վիճակի, որ որպես փրկիչ սպիտակ ձիու վրա կհայտնվի Պուտինն ու կներկայանա, որպես երկու պետությունների, ժողովուրդների, քաղաքացիների միակ փրկիչը․․․

 

Այդ պատճառով, այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մեծ խելք, մեծ համբերություն, սկզբունքայնություն, ու վճռականություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի բարձրացման, խաղաղ բանակցությունները որպես Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման միակ, այնլընտրանք չունեցող տարբերակի ամրապնդման համար։ Խաղաղասիրությունը որպես միակ տարբերակ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման համար՝ սա պետք է լինի գլխավոր քաղաքական խնդիրը արտաքին քաղաքականության բնագավառում։

 

Որոշ տաքգլուխներ, իրենց իրապես տաքուկ կաբինետներում նստած սուր են ճոճում, որի համար ոչ խելք է պետք, ոչ պատասխանատվություն, ոչ էլ ջանք, Նման կուսակցական գործիչների պահվածքը միանշանակ արկածախնդրություն է, որի հետևանքներից ոչ մի օգուտ սովորական մարդիկ չեն ստանա, այլ միայն Կրեմլը՝ իր կայսերական գերիշխանությունը Հարավային Կովկասում հաստատելու համար․․․․

 

 

Արթուր  Սակունց