Թերեւս տեղադրեմ մի պատասխան, որը տվել եմ հարգարժան մարդկանցից մեկին, որը վերաբերում էր իմ գրառման անձնական եւ ոչ անձնական շարժառիթներին /խոստացել էի թեման չշարունակել, բայց այդուհանդերձ այն արժե կարդալ/.
1. Բազում տարիներ առաջ հարազատներիցս մեկը, ում աղջիկը մտավոր տկարություն ուներ եւ հաճախում էր Հայաստանի հեռավոր գյուղերից մեկի դպրոցը, լուրջ խնդրի բախվեց: Դպրոցի տնօրենը երեխային անվանել էր «դեբիլ» եւ գտել, որ նա իրավունք չունի սովեր «նորմալ» երեխաների հետ: Երեխան շատ ծանր էր տանում եւ ուզում էր գնալ դպրոց: Երբ զրուցում էիր երեխայի հետ, նա անմիջապես գիրքն էր դնում առջեւը ու փորձում էր ցույց տալ, թե ինչ գիտի ու ինչ է սովորել: Դպրոցը նրա ուրախություն էր, միջավայր դուրս գալու եզակի ու միակ միջոցը եւ նրան զրկել էին դրանից : Իմ պահանջով մեծ պատմություն բացվեց դպրոցում, տնօրենին վերջապես հեռացրին, իսկ երեխան հաճախեց դպրոց: Տնօրենը մինչեւ վերջ պնդում էր, որ դա իր «նորմալ կարծիքն» է ու վերջ: Եւ թքած, որ այդ կարծիքի արդյունքում մարդկային ճակատագիր էր տուժում:
2. Անցած տարիներին նմանատիպ տխուր պատմությունների բախվեցի տարբեր մարզերում, երբ հիվանդություն ունեցող երեխաների ծնողները աղեկտուր դիմում էին (օրինակ, Դիլիջան), թե դասարանի մի քանի ծնողներ պահանջում են իրենց երեխաներին առանաձնացնել: Մինչդեռ մարզերում անգամ չկան այն հատուկ դպրոցները, որ մարդիկ մտածեն երեխային տեղափոխելու մասին: Վերջին դեպքը ամիսներ առաջ էր, երբ Սպիտակի դպրոցներից մեկում մի երեխայի նույնպես արգելել էին «տկարամիտ» լինելու համար: Մինչդեռ բալիկը շատ լավն էր, եւ անգամ տեսանյութում էր դա զգացվում: Արմեն Աշոտյանի, Անահիտ Բախշյանի, Սահակայն Հովհաննեսի միջնորդությամբ երեխային վերականգնեցին: Տեղի ունեցած նույնպես այն մտածողության հետեւանքներն են, թե որոշ մարդիկ պետք է մեկուսացվեն:
Ես չեմ ուզում, որ որեւէ երեխա/կամ ծնող բախվի նման պրոբլեմի, տխրի, մեկուսացվի: Հիմա, քույրերը իրենց հակակարանքն են արտահայտել հոգեկան հիվանդներից: Կոնչիտային կարող են չընդունել, չգնահատել, դա իրենց իրավունքն է, բայց հիվանդ մարդկանց ու նրանց հարազատներին վիրավորելու իրավունք չունի ոչ մեկ:
3. 1990-ականներին պատերազմի տարիներին հարազատ հորեղբորս կինը հոգեկան խանգարում տարավ, քանի որ իր աչքով տեսավ, թե ինչպես է թշնամու հրետանային արկը ընկնում այն դիրքի վրա, որտեղ իր երկու տղաներն էին ծառայության: Հիմա ի՞նչ, նրանից պետք էր զզվե՞լ: Եւ սահմանի վրա այդպիսի շատ դեպքեր եղան, հավատացեք: Մարդիկ չդիմացան:
4. Եթե անգամ մարդիկ հոգեկան խանգարում են տարել տարբեր պատճառներով, նրանք արժանի են կարեկցանքի, հոգատարության, այլ ոչ թե հակակարանքի: Եթե անգամ իմ շրջապատում չլինեին այդպիսի դեպքեր, միեւնույնն է, ես դատապարտելու էի ասվածը:
5. Ես իմ ներողությունն եմ հայցել քույրերի անձնականին կպնելու համար, սակայն պնդել եմ, որ դատապարտում եմ նրանց մերժելի հայտարարությունը: Եւ այժմ էլ այդպես եմ համարում, քանի դեռ չի ապացուցվել, որ նրանք դա չեն ասել կամ լրագրողը խեղաթյուրել է նրանց ասածը, ինչին քիչ եմ հավատում:
Ես չեմ ցանկանում, որ ես, իմ երեխան ապրեն մի հասարակության մեջ, որտեղ ամեն մեկը իր չափով խորացնի հակակարանքն ու անհանդուրժողականությունը հիվանդ կամ արատ ունեցող մարդկանց նկատմամբ: Ես չեմ ուզում բախվել այնպիսի հետեւանքների, որոնցից մի քանի օրինակ բերեցի: Թերեւս այլեւս չեմ արձագանքի: Որովհետեւ համարում եմ այս թեման սպառված:

 

Ստյոպա Սաֆարյան