Ներկայիս եթերն, ինչ խոսք, բավականին տարբերվում է խորհրդային տարիների եթերից: Տարբերվում է իր տեխնիկական որակով, հագեցվածությամբ, հեռուստաալիքների և հաղորդումների բազմազանությամբ և ինչու ոչ նաև տեղական արտադրության սերիալների ու հաղորդումների առատությամբ: Սակայն այդ ամենը միշտ չէ, որ լավ է կամ ծառայում է հասարակության շահերին: Դիտելով խորհրդային ժամանակների մուլտֆիլմերը, երեխաները գոնե կատաղի վարք ու բարք ձեռք չէին բերում: Դրանք այն մուլտֆիլմերն էին, որոնք լուրջ ուսումնասիրությունների էին ենթարկվում ու որոշակի չափանիշների համապատասխանելուց հետո միայն ցուցադրվում: Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ բարոյախրատական ու դաստիարակչական իմաստ էր պարունակում: Իսկ ի՞նչ է դիտում այսօրվա մատղաշ սերունդը, որը վաղն այս երկրի հասարակությունն է կռելու. Մուլտեր, որոնք միայն թշնամություն և ագրեսիա են գովերգում, սերիալներ, որտեղ կրիմինալ աշխարհն է փառահեղ կերպով նկարագրվում, << հումորային >> հաղորդումներ, որոնցում ծաղրվում են վերացող տեսակի մարդկային որակները և մի շարք հաղորդումներ, որոնք ուղղակի դիտելը խիստ վնասակար է մարդու հոգեկան աշխարհի նորմալ զարգացման համար: Եվ կարծես այս ամենն էլ քիչ է, սրանց է միանում ևս մեկ կործանարար արհավիրք. Դա այն լեզուն է, որ ամեն օր ու ամեն պահ հնչում է մեր էկրաններից: Դրանք այն ժարգոնային արտահայտություններն են, որ ամեն օր հնչելով, կարծես կաթեցնում են խոցելի խմբերի ուղեղներում: Իսկ այդ խմբերում ամենավառն արտահայտվում են երեխաները, որոնց ուղեղը սպունգի պես կլանում է այն ամբողջ ինֆորմացիան, որ ստանում է օրվա ընթացքում, և ամրանալով, նրանք ակամայից սկսում են կրկնօրինակել այն ամենն, ինչ տեսել են հեռուստատեսությամբ: Այս ամենով սնված սերունդն ի՞նչ հասարակության է վերածվելու.... դժվարանում եմ նույնիսկ պատկերացնել.... Լավ է, որ գոնե այն սակավաթիվ ինտելեկտուալ ու հայապահպանմանը միտված հաղորդումները դեռևս շարունակում են գոյատևել եթերում...

 

Մարիամ Առուշանյան