Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատումը շարունակվում է առանց երկու կողմերի միջև առկա լարվածության թուլացման հեռանկարի: Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված ինչպես հիշում եք G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռուսաստանի նկատմամբ կիրառել էին պատժամիջոցներ, հատկապես Ղրիմի' Ռուսաստանին միացման համատեքստում: Այս երկրները կրկին տարածել են հաղորդագրություն, որում պատրաստակամություն են հայտնում խստացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները: Դատելով հաղորդագրության բովանդակությունից 'դրա հիմնական պատճառը, «հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունն է»: Ինչպես հաղորդվում է G7-ի երկրները նոր պատժամիջոցների սահմանման հարցում իրենք կգործեն արագ ու համատեղ։
Փաստորեն Ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ մոտեցումը, առնվազն Արևմուտքի կողմից չի փոխվում:
Հակամարտության առաջին իսկ օրվանից Արևմուտքտը խոսում է պատժամիջոցների սպառնալիքի և դրանց գործնական կիրառման լեզվով: Ռուսաստանն էլ դրան ի պատասխան, կա´մ պատասխանում է որոշ փոխադարձ պատժամիջոցներով, կա´մ էլ առհասարակ առհամարում է դրանք' առաջ տանելով իր քաղաքականությունը, անկախ նրանից դա ինչ-որ մեկին դուր գալիս է, թե' ոչ: Այս պարագայում չեմ կարծում, որ իրադարձությունների նման միտումը կարող է որևէ դրական արդյունքի հանգեցնել:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը Ռուսաստանին պարզապես ցանկանում է «արյունաքամ» անելով ծնկի բերել և ոչնչացնել: Բայց գիտեք ինչ երբ ինչ-որ մեկին սկսում ես մեկուսացնել, ճնշել և թողնել անելանելի վիճակում, և ըստ երևույթին, փախչելու տեղ չես թողնում, ապա այդ մարդն ակամայից հավաքվում է և սկսում է կատաղի պայքար մղել քեզ հետ' չտեսնելով որևէ այլընտրանք: Սա շատ տարրական երևույթ է: Այս կոնտեքստում ցանկանում եմ մեջբերել անտիկ ժամանակաշրջանի չինացի մեծագույն ստրատեգ Սուն Ցզիին: Նա ասում էր, որ թշնամուն երբեք չի կարելի «դեմ տալ պատին», թշնամու զորքի համար մշտապես պետք է թողնել ետ նահանջելու, կամ էլ փախչելու հնարավորություն, այլապես նա քեզ հետ կմղի կատաղի պայքար և կանի դա մինչև, որ կսպառի արյան վերջին կաթիլը' հասկանալով որ դրան այլընտրանքը միևնույնն է մահն է:
Ասածս հետևյալ է' Արևմուտքը ստեծում է այնպիսի պայմաններ և փորձում է Ռուսաստանին թելադրել այնպիսի լուծում Ուկրաինական հակամարտության համար, որը վերջինիս ընդունել պարզապես չի կարող: Այլ կերպ ասած փոխարենն Արևմուտքն ու Ռուսաստանը փորձեն միմյանց հետ լեզու գտնել' հասնելու համար այնպիսի արդյունքի, որը թույլ կտա երկուսին էլ երեսները փրկած դուրս գալ այս ճահճից, ավելի են խորացնում իրենց միջև եղած անդունդը: Արևմուտքի կողմից պատժամիջոցների առավել խստացումը համենայնդեպս բնավ կառուցողական քայլ չէ: Այն կառուցողական չէ այն իմաստով, որ Ռուսաստանն էլ իր հերթին, կա´մ հակահարված կտա, կա´մ էլ կշարունակի արհամարել դրանք այնպես ինչպես մինչ այժմ էր անում: Պուտինն իր վերջին հայտարարություններում պարզ լեզվով հասկացնել է տալիս, որ պատժամիջոցների լեզվով Ռուսաստանին կամք թելադրելն անհնար է և ոչ արդյունավետ:
Այնպես որ վերը նշված G7-ի որոշումն ու դրանից բխող գործողություններն ընդամենը կխորացնեն ճգնաժամը, ոչ ավելին:

 

 

Վազգեն Ղազարյան