Հաջորդ վարչապետը թող չգա էլ, եթե նրան չի՛ մտահոգելու այն, որ Հայաստանում դեռ երեխաներ կան, որ սոված են քնում: Եվ դա այն Հայաստանում, որը բարձր տեխնոլոգիաներ է զարգացնում, որի կառավարությունը անհասկանալի մեծ գումարներ է վատնում իր անդամների նոր մեքենաների և անսահման վառելիքի, ընտանեկան հանգստի և այլ չհիմնավորված ճոխությունների վրա: Դրանից օգտվողներն էլ, երևի, ամեն տեղ սեղան նստելուց խմում են երեխաների կենացը: Այնպես որ նոր վարչապետը սոված քնող երեխաների մասին պետք է մտածի, ինչքան էլ որ դա իր բուն պարտականությունների մեջ չի մտնում: Բայց հաստատ մտնում է ՄԱՐԴ լինելու պարտականության մեջ, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում՝ առավել ևս:

Հաջորդ վարչապետը թող չգա էլ, եթե մատչելի և որակյան առողջապահություն ապահովելու մտադրություն չունի: Գիտեմ, որ մատչելին որակյալի հետ գրեթե անհամատեղելի է, բայց դա իմ պրոբլեմը չի, վարչապետի պրոբլեմն է, ինքն է այդ աթոռում նստելու, թող մեջտեղից ճղվի, բայց Հայաստանի բնակչության համար հարմար առողջապահական համակարգ ստեղծի: Սոված մնացող մարդկանց սննդի հարցը լուծելուց հետո, իհարկե:

Հաջորդ վարչապետը թող չգա էլ, եթե որակյալ կրթական համակարգ ունենալը չի դարձնելու պետության անվտանգության և զարգացման ռազմավարության կարևորագույն կետ և անգամ անձնական պատվի հարց: Բնությունը հայերին ռասայական, աշխարհագրական, պատմական, մշակութային, կամ մեկ այլ գործոնի բերումով ինտելեկտ է շնորհում, և դա անգնահատելի ռեսուրս է, որը վատ կառավարման պատճառով վատնվում է: Հաջորդ վարչապետից ակնկալում եմ կրթական որակյալ, մրցունակ համակարգի ստեղծում: Առողջապահականից հետո, իհարկե:

Եթե այդքանն անի, այդ պաշտոնում նրա նշանակվելն արդարացված, հասկացված, հանրության կողմից էլ ողջունելի կլինի: Իսկ եթե չանի՝ է, նախորդ վարչապետն էլ չէր անում, էլ ինչի՞ գնաց:

 

 

Մովսես Դեմիրճյան