Այսօր …

Արտաքսման կիրակի (Մեծ Պահքի երկրորդ կիրակի)

Մեծ պահքի երկրորդ կիրակին արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդն ունի և կոչվում է «Արտաքսման կիրակի», որը հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի՝ Դրախտից արտաքսման, ինչպես նաև՝ մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:
Իր անձնիշխան կամքով և ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրաններն՝ Ադամը զրկվեց աստվածային վայելուչ փառքից, արտաքսվեց Դրախտից և իջավ այս աշխարհը, որտեղ, ենթարկվելով իր թշնամու՝ սատանայի հարձակումներին, հայտնվեց թշվառ ու կիսամեռ վիճակում: Քանի դեռ մարդը Դրախտում էր, խաղաղության մեջ էր, իսկ երբ այնտեղից ելավ, խռովության մեջ ընկավ և մատնվեց մահվան:
Ադամը Դրախտում նախ մերկացավ իր սկզբնական զարդերից՝ արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից և պահեցողությունից, իսկ այնուհետև աշխարհում մեղքերը նրան մերկացրին հոգու մյուս զարդերից ևս, և այն, ինչ Աստված չասաց Դրախտում, հետագայում այստեղ ասաց. «Իմ Հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. 6:3): Երբ սատանան մարդուն խոցում է մեղքի պես-պես ախտերով, դրանից մարդը կիսամեռ է դառնում, քանզի մեղսագործ մարդը մեռած է հոգով և կենդանի է միայն մարմնով: Թեև սատանան ուզում էր մեր ամբողջ բնությունը կործանել, սակայն Աստծու ողորմությամբ ամբողջը չմահացավ, այլ ամեն դարում մի արդար էր ելնում՝ նմանությամբ Նոյի, Մելքիսեդեկի ու Աբրահամի: Շատ մարգարեներ եկան Ադամի նույն բնությամբ, ունենալով նույն կարիքները, սակայն նրանք մեծ դժվարությամբ իրենց զերծ պահեցին մահաբեր մեղքերից և ընկածին օգնել չկարողացան:
Տերը, Ով մաքրում է ամենքիս, ևս անցավ նույն ճանապարհով՝ ինչից մենք էինք սկսել. որպես մարդ, ծնվելով կնոջից, եկավ երկիր և այստեղ գտավ մեր կիսամեռ ու զարկված բնությունը: Թեև Նա որպես Աստված կարող էր մեզ մեկ այլ կերպ փրկել, սակայն կամեցավ մեզ իրավունքով ապրեցնել և, հենց այդ պատճառով էլ վերցնելով մեր բնությունը, հատուցեց մեր բոլոր պարտքերը: Քրիստոս Իր վրա վերցրեց մեր պարտքերը և մեզ հանեց այնտեղից, ուր ընկել էինք: Տերը, Եկեղեցին հիմնելով, այնտեղ առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ և հովիվներ կարգեց, որոնց մոտ է հավաքում բոլոր ընկածներին ու վիրավորներին: Սրանց ևս Ինքն է կենդանացրել, մաքրել մեղքերից և օրհնելով կարգել Եկեղեցու առաջնորդ:
Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը Դրախտում պատվիրան ստացավ Տիրոջից. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. 2:16-17): Ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն Բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:
Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրերով ծաղիկներն առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև՝ Եկեղեցու սուրբ վարդապետները: