«Մինսկ» հյուրանոցի մոտկանգնած տաքսուց իջած 35-40 տարեկան հաղթանդամ երիտասարդը ցելոֆանե սովորական տոպրակը ձեռքին մտավ հյուրանոց: Նույնիսկ կեսօրին մոսկովյան սարսափելի ցուրտը չէր ջարդվում: Բայց երիտասարդը կարծես չէր զգում կտրող սառնությունը: Հերթապահից ճշտելով' 621-րդ համարում բնակվող Ռաֆայիլ Սողոմոնյանը տեղո՞ւմ է, նա ուշադիր ուսումնասիրեց հյուրանոցի սպասասրահը: Կասկածելի ոչինչ չկար: Սեղանիկների մոտ նստած միջինասիացու արտաքինով երկու տղամարդ համբերատարությամբ և հեզությամբ սպասում էին իրենց հաջողությանը: Հերթապահ ադմինիստրատորի մոտ փաստաթղթեր լրացնող միջին ռուսական տարածքից եկած ինչ-որ մեկը փորձում էր սիրաշահել երիտասարդ, գեղեցկատես աղջկան:

 

http://mitk.am/wp-content/uploads/2014/02/06.jpg

http://mitk.am/wp-content/uploads/2014/02/03.jpg

«Մայրաքաղաք եկած ինչ-որ ինժեներիկ է կամ սոցապբաժնի աշխատող, որը մայրաքաղաքում մնալու երկու երեք օրվա պաշտոնական գործուղումը ցանկանում է համատեղել հաճելիի հետ»,—մտածեց Սերգեյը: Եվ երբ հաղթանդամ երիտասարդը վեր բարձրացավ հենց աստիճաններով, ոչ թե օգտվեց վերելակից, ադմինիստրատորի մոտ կանգնած ինժեներիկը ռացիայով հաղորդեց. «Նրա մոտ ինչ-որ մեկը բարձրանում է»:
Ոչ Սերգեյը, ոչ էլ 621-րդ համարում բնակվող Ռաֆայիլ Սողոմոնյանն ու հարևան համարում գրանցված Ֆիքրեթ Մահեռամովը չէին կարող պատկերացնել, որ համարում «բզեզիկ»՝ «жучок» է տեղադրված և արդեն երկու օրձայնագրվում է ամեն մի խոսակցություն: Առավել ևս չէին պատկերացնի, որ հյուրանոցի դիմացի շենքից նկարահանվում էր 621-րդ համարի պատուհանը: Դա պարզ կդառնա մի քանի օր անց, երբ Ռուսաստանի Դաշնային ծառայության ФСБ տրամադրած տեսանյութը և ձայնագրությունը եթեր կգնան Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ОРТ «Մարդը և օրենքը» հաղորդման ժամանակ: Իսկ այժմ' 1992 թվականի դեկտեմբերի 23-իկեսօրին «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար էր բարձրանում Սվոյի մտերիմներից Սերգեյ Հարությունյանը, մարդ, ով հայտնի է «Կոմս» մականունով:
Հարկի հերթապահը թեյ էր խմում: Սերգեյը տեղեկացրեց, որ ցանկանում է տեսնել հորեղբորը՝ Ռաֆայիլ Սողոմոնյանին իդեպ, Ռաֆայիլ Սողոմոնյան անուն-ազգանունը Ռաֆայել Բաղդասարյանը վերջին տարիներին հաճախ էր օգտագործում և այդ անունով անձնագիր ուներ: Հերթապահ կինը ցույց տվեց համարի դուռը, թեև Սերգեյը բնավ հարկ չուներ այդ ծանուցմանը: Նա թալինցի Իշխանի հետ հաճախ էր գալիս այստեղ:
Իհարկե, բոլոր կարևոր հարցերը լուծվում էին հյուրանոցի պատերից դուրս, որևէ պատահական ռեստորանում: Սվո Ռաֆը և իր ընկերները զգուշանում էին, որ համարում կարող են «բզեզիկներ» լինել: Այնպես որ, լուրջ խոսակցությունները դրսում էին վարվում, ծրագրերը կազմվում էին այլ տեղերում: Իսկ հեռախոսային խոսակցությունները պայմանանշված էին: Ոչ ոք չէր կարող գլխի ընկնել, որ ինչ-որ մի կին կարող է զանգահարել և հանդիպում խնդրել մի տղամարդուց, որին բնավ չի տեսել: Խորհրդային ժամանակների հյուրանոցային ֆլիրտները կասկածելի լինել չէին կարող…
Իսկ ահա այս անգամ ոչ միայն Դաշնային ծառայությունը, այլև Ռուսաստանի բարձրագույն իշխանություններն անչափ շահագրգռված էին Սվո Ռաֆով՝ Ռաֆայել Բաղդասարյանով: Առավել ևս հետաքրքրված էր Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ռուսլան Խասբուլատովը, որն իր հայրենակիցների՝ չեչենների գլխավոր հովանավորն էր' «պապան»: Վերջին ժամանակներս Սվո Ռաֆը խզել էր կապերը չեչենների հետ, որովհետև նրանք արդեն անկառավարելի էին դարձել Մոսկվայում: Նրանք կրիմինալ աշխարհի ոչ մի օրենք, ոչ մի ավանդույթ չէին հարգում: Թալանները, ավարառություններն ուղեկցվում էին դաժան սպանություններով: Կրիմինալ աշխարհի հին սերնդի մարդիկ փորձում էին ստեղծված քաոսը կարգավորել: Բայց քանի որ չեչենական զինված խմբավորումներին բացահայտորեն հովանավորում էր երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի առաջին տեղակալը, նրանք առավել քան լկտիությամբ էին գործում:

05

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի Դաշնային ծառայության աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը մինչև օրս էլ պարզված չէ¤ Խասբուլատովին տեղեկացրեց, որ Սվո Ռաֆը ինչ-որ զենքի է սպասում Գերմանիայից: Ռուսական հատուկ ծառայությունները գերմանացի գործընկերներին խնդրեցին հետևել իրենց երկիր մտած Ռաֆայել Բաղդասարյանին: Խնդիրը կատարվեց գերմանական ճշտապահությամբ: Սակայն ոչ մի արտառոց բան չնկատվեց Սողոմոնյանի ¥այսինքն՝ Ռաֆայել Բաղդասարյանի՝ Սվո Ռաֆի, վարքագծում:
Նա միայն մեկ հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգներից Գերմանիա հասած ինչ-որ աբբայի հետ: Այդ հանդիպման ժամանակ խոսք է եղել «Աստվածաշնչի» ինչ-որ հազվագյուտ հրատարակության մասին: Հետո կպարզվի, որ խոսքը միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցների համար արտադրվող «Այգրամ» գնդացիր-ատրճանակի մասին է: Այս մասին իմացան միայն1992 թվականի դեկտեմբերի 23-ից հետո, երբ ձերբակալվեց, ապա «Լեֆերտովոյում» բանտարկվեց Ռաֆայել Բաղդասարյանը…
Այս ձերբակալության, ինչպես նաև Բաղդասարյանի մահվան մասին ռուսական մամուլը և հեռուստատեսությունը բազմաթիվ հրապարակումներ և հաղորդումներ պատրաստեցին, որոնց մեծ մասն անչափ կողմնակալ էր: Փոքր-ինչ անկողմնակալ էր Վադիմ Բելիխի «Կրիմինալ աշխարհում նա կարող էր ամեն ինչ» հոդվածը, որը տպագրվել է «Известия» թերթի 1993 թ. հունիսի 25-ի համարում: Կարդանք այս հրապարակումը.

Հանցագործ աշխարհում նա կարող էր ամեն ինչ:

«Հունիսի 23-ին ժամը 11-ն անց 10 րոպեին Մոսկվայի հիվանդանոցներից մեկի հատուկ բաժանմունքում գիտակցության չգալով' մահացավ 1930 թվականին ծնված Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը: Նվիրյալներին նա ավելի շատ ծանոթ էր որպես «օրենքով գող»՝ Սվո մականունով: Տասնամյակներ շարունակ այս մարդու անունը սարսափեցնում էր Խորհրդային Միության, ապա նաև տրոհված հանրապետությունների հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին: Սվոյին շատ լավ էին ճանաչում նաև Ինտերպոլում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների քրեական ոստիկանություններում: Ու թեև քննության տակ գտնվող կարգադիր այս մարդու տեղից-տեղ փոխադրությունները խիստ գաղտնի էին կատարվում՝ պետանվտանգության նախարարության «Լեֆերտովոյի» մեկուսարանից նրան հիվանդանոց տեղափոխեցին և վիրահատեցին ուրիշի անվան տակ¤, այնուամենայնիվ Սվոյի մահվանից երկու ժամ անց նրա համախոհներն ու զինակիցներն արդեն գիտեին, որ «կնքահայրն» այլևս չկա»…

http://mitk.am/wp-content/uploads/2014/02/04.jpg

Ի՞նչ կարող ես անել: Մոտակա օրերին Մոսկվայում սպասվում էր շքեղ ու բազմամարդ մի թաղում ևս:
Հանգուցյալի «ստեղծագործական ուղու» մասին հազիվ թե երբևէ վեպեր գրվեն: Բայց նա արդեն լեգենդ է համարվում ոչ միայն իր, «մասնագիտական» շրջապատում, այլև շատ ու շատ լայն շրջանակներում:
Փոքրիկ Ռաֆիկը, ի տարբերություն շատ հասակակիցների, դպրոց է գնացել ութ տարեկանից: Ժամանակակիցների վկայությամբ նա առանձնակի հետաքրքրություններ չուներ, սովորում էր միջակ: Սակայն առանձնանում էր շրջապատում բոլորի հետ լեզու գտնելու մեծ շնորհով: 11 տարեկանում նա կատարեց առաջին գողությունը: Վեցերորդ դասարանից ընդմիշտ թողեց դպրոցը:
1944-1984 թվականները նա բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ գողությունների, թալանի, այդ թվում նաև՝ միլիցիայի համազգեստով կատարված կողոպուտ, չարամիտ խուլիգանությունների, զենքի և թմրանյութերի ապօրինի պահման համար… Բաղդասարյանը դատապարտվել է 15 անգամ, պատժաժամկետները կրել է ամբողջությամբ, ինչպես ասում են՝ «զանգից զանգ»: Ազատազրկման ընդհանուր ստաժը 34 տարի է:

http://www.primecrime.ru/public/files/gallery/2784e39bffcf68e724b61c0cca80c717.jpg

Ճամբարներում և բանտերում Սվոն մշտապես խախտել է բանտարգելության ռեժիմը, հրաժարվել է աշխատանքի դուրս գալ, հարձակվել է պաշտոնյա անձանց վրա և փորձեր արել փախուստի դիմելու, ճիշտ է՝ միշտ անհաջող: Ի դեպ, քննիչների համար Ռաֆայել Մկրտիչևիչը գլխացավանք է եղել: Իր երկարատև և բուռն կյանքի ընթացքում նա ոչ մի ցուցմունք չի տվել, ոչ մի անգամ որևէ արձանագրության տակ չիստորագրել:

1972 թվականին նա ստացել է «օրենքով գողի» կոչում:

Հանցագործ աշխարհում Սվոն սկսեց առավել լուրջ դերակատարություն ունենալ իր լավագույն ընկերներից և ժամանակի հանցագործ աշխարհի հեղինակություններից մեկի' Վալերիան Կուչուլորիայի (Պիսո մականունով) մահվանից հետո, 1988-ից:
Այդ ժամանակից սկսած նա էր փողերը հավաքում, վերցնում դրամաշնորհները, «հաշտարար դատավորի դեր կատարում հակամարտող կողմերի «հաշիվները մաքրելու» դեպքերում: Մեծ հաջողությամբ համակերպվեց տնտեսական նոր հարաբերություններին:
Սվոյին վերջին անգամ ձերբակալեցին 1992 թվականի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը օպերատիվ աշխատողներն անսպասելի ներխուժեցին Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար, ուր այդ ժամանակ գտնվում էին Բաղդասարյանը և նրա օգնական Ֆիքրեթ Մահեռամովը:
«Օրենքով գող» հայի և նրա ադրբեջանցի օգնականի մոտ հայտնաբերեցին մի տարօրինակ ինքնաձիգ զենք: Ինչպես պարզվեց հետագայում' դա հանրահայտ ինը միլիմետրանոց «Այգրամ» տեսակի խլացուցիչով ատրճանակ-գնդացիր էր (IGRAM mod 2000 VI & CO DF GROTIA NB 0184):
Սարսափելի այս մեքենան թողարկվում է անչափ սահմանափակ քանակով' ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար և աշխարհի բոլոր կրիմինալ ներկայացուցիչների համար գերագույն երազանք է համարվում: Բացի այլևայլ արժանիքներից' «Այգրամն» ունի արտաքին պատենաշերտ, որի վրա մատնահետքերը չեն մնում…
Ազատության մեջ գտնվող նրա և համախոհների ամեն մի կապ բացառելու նպատակով գերեվարված «օրենքով գողին» արգելափակեցին Պետանվտանգության նախարարության Լեֆերտովոյի մեկուսարանում, երբ գողերին, անգամ քրեական աշխարհի հեղինակություններին պահում են Բուտիրյան բանտում…
Եթե ճշմարիտն ասենք, եթե առավել արդարամիտ լինենք' Սվոյի նկատմամբ հետապնդումն սկսվել էր ձմեռային այդ երեկոյից ավելի վաղ: Այս մասին հայտնի դարձավ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների հաղորդումներից: Նրանք դեռևս աշնանը Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատողներին տեղեկացրել էին, որ կրիմինալ աշխարհի հանրահայտ հեղինակություն Ռաֆիկ Բաղդասարյանն իրենց համբերությունը սպառել է՝ բազմիցս փորձելով ամերիկյան «վիզա» ձեռք բերել կեղծ փաստաթղթերի օգնությամբ:

Երկրային կյանքի ավարտը

«Օրենքով գողի» փաստաթղթերի գաղտնի ստուգումներից պարզվել էր, որ Բաղդասարյանն արտասահմանյան երեք անձնագիր ունի:

Առաջինը (21 N0531592) ձեռք էր բերել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, 1992 թվականի մարտի 13-ին, «Դինամո» մարզընկերության միջոցով: Այդ անձնագրում ամեն ինչ՝ և անուն-ազգանունը և ծննդյան վայրը համապատասխանում էր իրականությանը: Փոխված էր միայն ծննդյան թվականը: Այս աննշան մանրամասնը անձնագրի տիրոջն օգնելու էր անվտանգ մնալ, եթե նրա տվյալներն ստուգվեին անգամ Ռուսաստանի ՆԳ նախարարության տեղեկատվական կենտրոնում: Այս դեպքում չէր հաջողվի ապացուցել, որ Ռաֆայել Բաղդասարյանը դատված է եղել, այն էլ՝ 15 անգամ: Այս անձնագրով Սվոն «գերատեսչական» գործերով հանգիստ խղճով կարող էր մեկնել Բելգիա, Նիդեռլանդներ և վերջապես ԳՖՀ: Այս անձնագրով նա ուզում էր մեկնել նաև Միացյալ Նահանգներ: Ինչպես ռուսական իրավապահներին հաղորդեցին ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները' անձնագիրը դեսպանատուն էր բերել նրա օգնական Մահեռամովը և մերժում ստացել: Ամերիկացիները չէին ցանկացել իրենց երկիր թողնել պարոն Բաղդասարյանին, որի «ծննդյան ժամանակը չի նշված և այս հանգամանքը կասկած է հարուցում»:
Առայժմ հանելուկ է մնում, թե ժամանակին ինչու նույն կերպ չէին վարվել գերմանացիները, ովքեր շատ լավ գիտեին, թե ով է գալիս իրենց մոտ: Թեև մի տեղեկության համաձայն այն ամբողջ ժամանակ, երբ Սվոն գտնվում էր Ֆեդերատիվ Գերմանիայում, նրան ուշադիր, անչափ ուշադիր հետևել են: Ամրագրել են նրա ամեն մի քայլը, ամեն մի հանդիպումը: Իսկ նա, ասում են' ընդհանուր գործեր է ունեցել. ԽՍՀՄ նախկին քաղաքացի Օսիկ Մանդելբաումի և նույնպես «գերմանացի դարձած» իր նախկին գործընկերոջ՝ Գարի Ջիբուի միջոցով պայմանավորվել էր «Այգրամը» ձեռք բերելու մասին: Սակայն Գարին այս մասին, այլևս ոչինչ ասել չի կարող. 1992 թվականի դեկտեմբերին նրան սպանված գտան Բեռլինի իր բնակարանում:
«Օրենքով գողին» ամերիկյան դեսպանատան աստիճանավորների մերժումը չվախեցրեց: Ռուսաստանի մշակույթի նախարարությունում աշխատող իր բարեկամների միջոցով նա ձեռք բերեց արտասահմանյան ևս երկուանձնագիր: Մեկը (21 N 0734273) տրվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին՝ «ՄԱԳ» ֆիրմայի փոխտնօրեն Ռաֆայիլ Սողոմոնյանին, իբր նա Լեհաստանի հանրապետության շաշկու ֆեդերացիայի խնդրանքով ժամանելու է այդ երկիր: Մյուսը (21 N 0730787) տրվել է սեպտեմբերի 16-ին' արտիստ Ռաֆայիլ Ալեքսանյանի անունով:
Սողոմոնյանի անձնագրով ամերիկյան դեսպանատուն էր գնացել ոմն Տ. Ասլանլի (Ասլանով), ով ներկայացել էր որպես արտասահմանյան հայրենակիցների հետ Ադրբեջանի մշակութային կապերի «Վաթան» ընկերության մոսկովյան ներկայացուցիչ: Ի դեպ, ականատեսները վկայում են, որ ինքը՝ Ասլանլին էլ երեք անձնագիր ուներ՝ համընդհանուր քաղաքացիության խորհրդային, արտասահմանյան ծառայողական կապույտ և դիվանագիտական կանաչ գույնի: Բայց այս ամենը չօգնեց նրան իր «հայրենակից» Բաղդասարյան-Սողոմոնյանի համար վիզա ձեռք բերելուգործում: Իսկ ահա Բաղդասարյան-Ալեքսանյանը լավ ընկերախումբ մտավ…
Մեկ ամիս առաջ՝ 1993 թվականի մայիսի 28-ին նույն«Известия» թերթում (N 99) տպագրվել էր Վադիմ Բելիխի«Սպանության անատոմիա» վերնագրով հոդվածը, որում խոսվում էր այն մասին, թե նշանառուի գնդակն ինչպես սպանեց Գլոբուս մականունով «օրենքով գող» Վալերի Դլուգաչին, իսկ մի քանի օր անց ինչպես սպանեցին նրա ամենամոտ զինակցին՝ Ռեմբո մականունով ԱնատոլիՍեմյոնովին: Այժմ այդ օպերացիայի կազմակերպման համար կասկածվում են «օրենքով գող» Պետրիկը (Ալեքսեյ Պետրովը) և նրա հավատարիմ համհարզ Միխայիլ Ռադկոն:Գլոբուսն «օրենքով գողի» աստիճան ստանալով' կարճ ժամանակ անց սկսում է ավելին ցանկանալ, քան իրեն հասնում էր: Պետրիկի ազդեցության ոլորտների նկատմամբ ոտնձգություններ էր անում, փորձ էր անում նեղել նրան: Առավել հզորներն այս ամենը նկատում էին: Եվ բնական էր, որ «сходка» պիտի հրավիրվեր: Յապոնչիկն ու Սվոն նրան հրավեր ուղարկեցին՝ «Եղբայր, արի…»: Բոլորին զարմացնելով' «եղբայրը» հրավերը մերժեց: Այս դեպքում միայն սեփական անձի գերակայության խնդիր չէր: «Շմիդիորդիների» հանրահայտ իրավիճակն էր ստեղծվել: Եվ եթե Գլոբուսը հրաժարվեց մասնակցել «сходка»-ին, ապա միայնայն պատճառով, որ լավ գիտեր. իրեն շատ բանից էին զրկելու:
Գլոբուսի և Ռեմբոյի սպանությունների համար Սվո Ռաֆը բնավ կասկածի տակ չի եղել: Բայց ինչպես պարզվեց' մի քանի ամիս առաջ նա ուզում էր ԱՄՆ մեկնել հենց Պետրիկի և Միշա Ռադկոյի հետ: Ինչո՞ւ: Ենթադրվում է, որ հանդիպում էր լինելու «խորհրդային կրիմինալի պապ» Վյաչեսլավ Սեմյոնովիչ Իվանկովի' Յապոնչիկի հետ: Նա բավականին ամուր է տեղավորվել Ամերիկայում: Ինչպես հավաստում են մոտիկ մարդիկ' աշխատում է տեղի մաֆիայի հետ սերտ համագործակցած և իր մասնաբաժինն ունի խաղաբիզնեսում:
Եռյակին հրավերն ուղարկեց ոմն Ալեքս Վարշավսկի (ծնվել է Ռիգայում, 1993-ին արդեն Բրուքլինի բնակիչ էր և Նյու-Յորքում վարորդ էր աշխատում): Վիզաները փորձեցին ձևակերպել «Էլիս Լակ» ֆիրմայի միջոցով: ԱՄՆ մեկնելու թույլտվության գրությունում Ալեքսանյանը (Բաղդասարյանը) նշված էր որպես «Էլիս Լակի» ավագ ինժեներ, Պետրովը՝ մենեջեր, իսկ «զինվորիկ» Միշա Ռադկոն՝ որպես առաջատար մասնագետ (սա, ի դեպ, համապատասխանում էրիրականությանը, եթե հաշվի առնենք, որ Ռադկոն իսկապես առաջատար, հմուտ… վարձու մարդասպան էր՝ քիլլեր): Փաստաթղթերը, կարելի է ասել, գերազանց էին սարքված: Բայց դա էլ չօգնեց: Միացյալ Նահանգները հրաժարվեցին ընդունել նախնական կապիտալի կուտակման երկրի ներկայացուցիչներին:
Ամերիկացիներին, այնուամենայնիվ, հնարավոր է հիմարացնել: Ռաֆայել Բաղդասարյանի«աջ թև» Ֆիքրեթ Մահեռամովին, ով երեք անգամ դատապարտվել էր ազատազրկման, երկու ամիս առանց ան հանգստության հաջողվեց «жучок» Ամերիկայում: Նա ԱՄՆ էր հասել Ախադովի անձնագրով (21 N 0406213, տրված 28.12.1991թ.): Ուներ արտասահմանյան ևս մեկ անձնագիր, այս անգամ իր անուն-ազգանունով, բնականաբար փոփոխված ծննդյան տարեթվով ու ծննդավայրով (21 N0576186, տրված06.07.1992թ.): Ֆիքրեթի մոտ հայտնաբերվեց նաև միջազգային կարգի վարորդական իրավունք (ABT N210727, տրված25.06.1992թ.), որը նա՝ Բաքու քաղաքի բնակիչը, ստացել էր Մոսկվայում: Սա, իհարկե, նորմալ կարելի է համարել մի մարդու համար, ով… դատաբժշկական հանձնաժողովի կողմից երեք անգամ ճանաչվել է որպես մտավոր անլիարժեք անձնավորություն…

«Կնքահոր» վերջին օրերը

Չկարողանալով Նյու Յորք ընկնել' Բաղդասարյանը շարունակում էր ապրել «Մինսկ» հյուրանոցում, զբաղվել սովորական առօրյայով: «Խիստ գաղտնի և վստահելի աղբյուրները» (իսկ դրանք ոչ այլ ինչ էին, քան հյուրանոցային համարում տեղադրված «բզեզիկները» «жучок»-ները)՝ հաղորդում են, որ դեկտեմբերի 21-ին հեռախոսազանգ եղավ Գերմանիայից՝ սպասեք ծանրոցին: 23-ին Մահեռամովը հանդիպեց հարկավոր մարդուն, նրանից վերցրեց «Այգրամը»և բերեց հյուրանոց:
Այդ ամբողջ օրը Սվոն անհանգիստ վիճակում էր: Մեկ նա զբաղված էր ավտոմեքենաների (երկուսն էին՝ «Մերսեդեսը» և «Վոլգա-ԳԱԶ-31»-ը) մեջ փորփրելով, մեկ լսում էր Գլոբուսի մասին այն պատմությունը, թե ինչպես էր վերջինս ցանկանում ծանոթանալ Յապոնչիկի հետ, ինչպես էր անվերջ զանգահարում Ամերիկա: Հանկարծ, չգիտես ինչու, ինքը' Սվո Ռաֆը, սկսեց պատմել 1950 թվականի բանտային խռովության մասին, թե ինչպես հսկիչը փորձում էր իրեն բանտախուց մտցնել: Ի՞նչ է, նա որևէ վատ բա՞ն էր նախազգում… Իսկ քիչ անց հայտնվեցին զավթման խմբի աշխատակիցները… Ձերբակալություն, Լեֆորտովո…
Հունիսի 13-ին Մոսկվա ժամանեցին գերմանացի ոստիկանները: Բայց նրանց չհաջողվեց Բաղդասարյանին հարցաքննել. հունիսի18-ին արյունահոսություն սկսվեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց և անմիջապես վիրահատեցին: Հունիսի 19-ին գերմանացիները մեկնեցին՝ առանց Ռաֆայել Բաղդասարյանին հարցաքննելու: 23-ին, ժամը 11-ն անց 10 րոպեին նա հավերժ փակեց աչքերը, այդպես էլ ոչ մեկին ոչինչ չասելով…

Վերջին օրեր, վերջին ցավ ու հիշողության սկիզբ

 «Урарту» թերթը 1993 թ. տպագրել է «Сво среди чужих, чужой среди своих» («Սվոն օտարների մեջ, օտարը' յուրայինների մեջ») նյութը, որում տեղեկություններ են հաղորդվում Ռաֆայել Բաղդասարյանի վերջին օրերի, ինչպես նաև Երևանում նրա հուղարկավորության մասին: Ահա թե այդ օրերի մասին ինչ է վերհիշում Ռաֆայելի քույրը' Ալլա Բաղդասարյանը և ինչպեսէ ներկայացնում այդ օրերի իրադարձությունները. «Հունիսի 23-ին Ռաֆիկը պետք է ազատվեր քննչական մեկուսարանից, որովհետև նրան ոչ մի կերպ չէին կարողացել մեղադրանք առաջադրել: Մի քանի օր առաջ ես Մոսկվա մեկնեցի, որպեսզի նրան դիմավորեի և տուն ուղեկցեի: Ամսի 20-ին մենք' հարազատներս, պետք է սննդամթերք փոխանցեինք նրան, բայց չընդունեցին, պատճառաբանելով, որ այդ նույն օրը նրա մոտ «նստեցրել են երկու հոգու»: Հետո հայտնիդարձավ, որ այդ օրը եղբայրս արդեն հիվանդանոցում է եղել: Իրավիճակի անբնականությունն այնքան ակնհայտ էր, որ ակամայից քմծիծաղ էր առաջացնում: Ես զրուցել եմ եղբորս մտերիմների, ինչպես նաև պետանվտանգության մի քանի աշխատակիցների հետ, որոնք բոլորն էլ ժխտում են մամուլում հայտնված' նրա խցակցի մասին վարկածը, որն իբր Ռաֆիկից պահանջել է խցի մաքրությանը մասնակցել: Բացի դա, այդ մարդն այն անձը չէր, որ նրանից պահանջեր, առավել ևս ծեծեր, նա ընդհանրապես չէր համարձակվի բարձրաձայն խոսել «օրենքով գողերից» մեկի, առավել ևս նրա պարագլխի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ միլիցիայության և պետանվտանգության մարմինների հորինվածքը հաստատում է այն կոպիտ խախտումները, որոնք նրանք թույլ են տվել: Ըստ օրենքի' քննչական մեկուսարանում նստածը հանցագործ չէ և նրա մոտ մեկ կամ մեկից ավելի մարդ տեղավորելն արգելվում է: Մենք Ռաֆիկին սկսեցինք փնտրել Լեֆորտովոն սպասարկող երեք հիվանդանոցների այցելուների մեջ: Պարզվեց, որ նա 20-րդում է: Մեր նախապատրաստած դեղորայքն ու արյունը չվերցրին: Անձնակազմը երկար ժամանակ ժխտում էր նրա այդտեղ գտնվելը' Ռաֆիկին ներկայացնելով որպես Աշոտ Բալայան: Մենք բուժքրոջը խնդրեցինք նկարագրել այդ Աշոտ Բալայանին, և նրա առաջին իսկ խոսքերից' «կրծքավանդակին արծիվ է դաջված», հասկացանք, որ այդ մարդը հենց Ռաֆիկն է: Հինգ րոպե անց ներսից եկած բժիշկը հայտնեց «Աշոտ Բալայանի» մահվան մասին: Հնարովի այդ անվամբ էլ դիակառքին ամրացված հաշվեպիտակով նրան տարան դիահերձարան»:
Ռաֆայելի մորաքրոջ աղջիկը' Նելլի Տեր-Սահակյանը, հաղորդում է, որ Մոսկվայում դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա մարմինը քրքրել էին' հանելով այն ամենը, ինչ կարողացել էին: Տիկին Նելլիի կարծիքով դա նրանց պետք էր հետքերը թաքցնելու համար, որպեսզի Երևանում կատարվելիք կրկնակի փորձաքննությունը չպարզեր նրա մահվան իսկական պատճառը:
Ռաֆայել Բաղդասարյանի հարազատները մինչև օրս էլ համոզված են, որ նրան սպանել են Լեֆորտովոյի վերահսկողության տակ գտնվող թիվ 20 հիվանդանոցում, թեև բժշկական պաշտոնական արձանագրություններում նշված էներքին արյունահոսության մասին…
1993 թ. հունիսի 25-27-ը Երևան քաղաքն անընդհատ հոսանքումներ: Այդ ժամանակների համար դա անսովոր մի բան էր, որովհետև տնտեսական դժվարությունների և շրջափակման պատճառով Հայաստանի մայրաքաղաքին միայն մեկ, առավելագույնը երկու ժամով էր հոսանք մատակարարվում: Իսկ այսպիսի «շռայլություն» ստեղծել էին Ռաֆայել Բաղդասարյանի գործընկերները, հատկապես' ադրբեջանցիները: Պատերազմող երկրների միջև հաղորդակցություն չկար: Սակայն կրիմինալ աշխարհը երկրներ ու ազգեր չի ճանաչում, բոլոր փակ սահմանները ցանկության դեպքում բացվում են: Եվ Բաքվից Երևան հասցված մազութով (ասում են, չգիտենք' ճի՞շտ է, թե ոչ'գնացքի երեք կառաշար է եղել) աշխատեցվում էր Երևանի ջերմաէլեկտրակայանը:
Հուղարկավորության թափորը Նորքի բարձունքի նրա տնից անցավ Մյասնիկյան պողոտայով, Նալբանդյան փողոցով և կանգ առավ Ալավերդյան փողոցի (այժմ' Հանրապետության) թիվ 82 հասցեում գտնվող բնակելի շենքի բակում: Այստեղ Ռաֆայել Բաղդասարյանն ապրել էր իր ընտանիքի հետ, իսկ Նորքի բարձունքում կառուցած տանը նա միայն մեկ գիշեր, լոկ մի գիշեր է եղել:
Այժմ երբ վերհիշում եմ այդ օրերը, երբ կրկին ու կրկին դիտում եմ հուղարկավորության ողջ ընթացքը պատկերող տեսաերիզները, նորից ցավ եմ ապրում այս հանրահայտ մարդու մահվան համար:
ԱՄՆ-ում գտնվող Վյաչեսլավ Իվանկովը' Յապոնչիկը, որին համարում են Խորհրդային Միության կրիմինալ աշխարհի «կնքահայրը», իմանալով Ռաֆայել Բաղդասարյանի մահվան (իսկ ավելի ճիշտ չի՞ լինի ասել' սպանության) մասին, ցավով ասել է. «Ես կորցրի եղբորս»: Այսպես կարող էին ասել այս աշխարհի նաև ուրիշ հեղինակություններ, ովքեր նրան ճանաչելու և նրա աջակցությունից օգտվելու բախտն էին ունեցել: Ռաֆայել Բաղդասարյանի մասին գիրքը գրելու ժամանակ, արդեն 4 տարի, ես շատ ու շատ մարդկանց եմ հանդիպել' երաժիշտներ, գրողներ, մարզիկներ, արհեստավորներ, ճանաչված ու սովորական մարդիկ: Նրանցից ամեն մեկն ինչ-որ բան է ցանկացել ավելացնել իմ իմացածին:
Փոքրիկ մի ուրվագիծը, փոքրիկ հիշողությունը երբեմն ամբողջ պատմության կծիկը բացելու առիթ է տվել: Եվ այժմ, երբ արդեն երեք գիրք եմ հրատարակել Ռաֆայել Բաղդասարյանի մասին, նորից վերադառնում եմ այս առասպելական մարդու կենսագրությանը, որովհետև նոր մարդիկ են գտնվում' նոր հիշողություններով, նոր նյութեր են գտնվում' սփռված այս կամ այն գրքում, տասնյակ, հարյուրավոր լրագրային հրապարակումներ են աչքիդ առաջ հայտնվում:

 

Հատված քրեագետ Սերգեյ Գալոյանի
«Առեղծվածային Սվո Ռաֆը» գրքից։