XVIII դարասկզբին ռուսները պայքար էին սկսել ինչպես Բալթիկ, այնպես էլ Սեւ ու Կասպից ծովերի ափերին հաստատվելու համար։ 1701թ․ ամռանը Իսրայել Օրին Եւրոպայից անցնում է Ռուսաստան եւ Պետրոս Ա-ին ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը։ Ցարը, որն այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցով, միաժամանակ բուն Պարսկաստանում եւ Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով նա որոշում է դեսպանություն ուղարկել Սպահան։ Դեսպանության ղեկավար է նշանակվում Իսրայել Օրին, որին տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան։

 

1708-1709 թթ․ պատվիրակությունը լինում է Անդրկովկասի արեւելյան շրջաններում, ապա Իրանի մայրաքաղաք Սպահանում։ Ավարտելով իր առաքելությունը' Իսրայել Օրին պատրաստվում է վերադառնալ Մոսկվա և ցարին հաղորդել իր հավաքած տվյալները: Խանդավառված ազատագրական գաղափարներով' Եսայի Հասան-Ջալալյանն' իբրև Արցախի հոգևոր գերագույն առաջնորդ և աշխարհիկ իշխանությունների լիիրավ պատգամախոս, իր երկու եպիսկոպոսների հետ միանում է Իսրայել Օրու պատվիրակությանը' ռուսաց ցարին անձամբ հանդիպելու, հայոց ազատագրությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:

 

Պետրոս Ա-ի հանձնարարությամբ Օրին Արցախից Ռուսաստան էր տանում 70 հայ մետաքսագործ ընտանիքներ և մեծ քանակությամբ հում մետաքս' Մոսկվայում մետաքսի գործարան հիմնելու համար, տանում էր նաև արցախյան 25 ընտիր ձի և այլ թանկարժեք նվերներ: Ռուսական իշխանություններից Օրին ակնկալում էր չորս նավ' դեսպանության և ապրանքների փոխադրման համար, բայց ստանում է միայն երեքը' երկու առագաստանավ և մեկ խարխուլ ձկնորսանավ: Դրանցով նա անկարող էր տեղափոխել իր մոտ եղած մեծաքանակ գույքն ու մարդկանց: Այդ պատճառով էլ նա ձիերը, հարկադրված, Շամախու խանի թույլտվությամբ, ուղարկում է ցամաքային ճանապարհով, իսկ 70 մետաքսագործ ընտանիքներից վերցնում է միայն 20-ին: Առագաստանավերում տեղավորում է իր շքախմբի անդամներին ու ապրանքների մի մասը, իսկ ինքը Եսայի Հասան-Ջալալյանի ու վերջինիս ուղեկցող երկու եպիսկոպոսների հետ նստում է ձկնորսանավը և ճանապարհ ընկնում 1710 թ. օգոստոսի կեսերին: Նավերից մեկը հաջողությամբ հասնում է Աստրախան, իսկ մյուսը' ձկնորսանավը, որի մեջ էին Օրին ու Եսայի կաթողիկոսը, նավահանգստից քիչ հեռացած, ենթարկվում է ալեկոծության և լցվում ջրով: Մեծ դժվարությամբ է հնարավոր լինում փրկել մարդկանց, իսկ նավում եղած ապրանքների մեծ մասը ջրասույզ է լինում: Իսրայել Օրին ու Եսայի կաթողիկոսը ստիպված ձմեռում են Նիզովո գյուղում: 1711 թ. ամռանը նրանք մեծ դժվարությամբ հասնում են Աստրախան, բայց այստեղ էլ տեղական իշխանություններն են հետապնդում Օրուն, պատճառաբանելով, թե առանց մաքս վճարելու մեծ քանակությամբ արտասահմանյան ապրանքներ է տանում։ Դրանք բռնագրավում են, մի մասն էլ կողոպտում: Այս ամենի հետևանքով դեսպանության անդամների մեջ դժգոհություններ են ծագում։ Օրին ջանքեր է գործադրում դրությունը կարգավորելու համար: Այս լարված իրադրության պայմաններում էլ Աստրախանում, ուժերի ծաղկման շրջանում' մոտավորապես 50 տարեկան հասակում նա հանկարծամահ է լինում: Գանձասարի Եսայի կաթողիկոսը, Աստրախանի հայկական եկեղեցու բակում կատարելով Իսրայել Օրու թաղման կարգը, ձեռնունայն վերադառնում է Արցախ: