ՏՐՆԴԵԶ

 


Հեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված էր Միհր աստծուն եւ անմիջականորեն կապվում էր կրակի պաշտամունքի հետ (ըստ Մ.Օրմանյանի, տոնը նվիրված է եղել Տիր աստծուն - խմբ.): Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել, զորացնել արեւի ջերմությունը: Համեմատաբար ավելի ուշ, տոնի մեջ ձեւավորվում եւ խորանում են կրակի միջոցով բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՝ կապված ցանքի ու բերքաճի, տնտեսական տարվա հաջողության, սերնդաճության գաղափարների հետ, որոնց վառ վկայությունը տոնական ուտեստում հատիկների եւ հատիկավոր կերակրատեսակների բացարձակ գերակշռությունն է եւ, ընդհանրապես, տոնական համակարգում նորահարսի ու նորափեսայի խաղացած դերը:

 


Ըստ եկեղեցական ավանդության, տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարին (Հայ եկեղեցին այն տոնում է ստույգ փետրվարի 14-ին՝ հունվարի 6-ից 40 օր հետո - խմբ.), որից էլ ծագում է տոնի եկեղեցական անվանումը՝ ՙՏյառնընդառաջ՚:
Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ: Այդ մասին այսպես է նշում Գ. Սրվանձտյանցը. ՙՀայաստանի համար ընդհանուր էր այս տօնի վսեմութիւնը. Կաղանդին կամ տարեգլխոյն այնքան հանդիսաւոր չէ, որքան այսօր...՚: Հայաստանի բոլոր շրջաններում այն գրեթե նույնությամբ է կատարվել եւ ունեցել է իր տեղական անվանումը:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց
վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում՝ կաթով կամ ջրով եւ շաքարով, պատրաստում փոքրիկ գլանիկներ ու բաժանում տնեցիներին
(փոխինդի գնդեր, ՙդումբրուկ՚ եւ այլն): Այդ օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները. նոր նշանած տղա ունեցող ընտանիքն այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող
ընտանիքին այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ


նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ եւ փոխինդի գնդեր: Կեսօրից հետո վերոհիշյալ ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները: Քավորկնոջ, սկեսուրի եւ տալերի ուղեկցությամբ նորահարսին բակ էին իջեցնում եւ խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը: Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները: Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին: Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաեւ ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները,
տղամարդիկ՝ ՙցաւ ու չօռից՚ ազատվելու համար, իսկ վերջում՝ երեխաները:


Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ՝ խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը խնամիների միջեւ աղանձափոխանակություն էր կատարվում: Տոնի ծիսական համակարգը լրացնում են բազմապիսի գուշակությունները, որոնք, ինչպես վերը նշվեց, կապվում են բնության զարթոնքի, ցանքի հաջողության, սիրո եւ ամուսնության, պտղաբերության խորհուրդների հետ: Այսպես, օր.՝ երիտասարդ տղաներն ու աղջիկները փոխինդի գնդերից մի կտոր դնում էին երդիկին, ծառի ճյուղին կամ ցանկապատի ծայրին եւ ուշադիր հետեւում, թե աղավնին կամ ագռավը դեպի որ կողմն է տանում այն, ենթադրելով, որ համապատասխան կողմից էլ հարս են բերելու կամ փեսացու է գալու եւ այլն:
Գուշակությունների մեծ մասն անմիջականորեն կապվում էր խարույկի ծխի հետ: Հավատում էին, թե ծուխը դեպի որ կողմը թեքվեր, այդ կողմի արտերն առաջիկա տարում առատ բերք կտային: Ընդհանրապես, եթե ծուխը հարավ եւ արեւելք էր թեքվում՝ այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս եւ արեւմուտք՝ վատ: Այս գուշակությունն իր հիմքում իրական իմաստ ուներ՝ կապված փետրվարի կեսերին հյուսիսային ու հարավային քամիների փոխազդեցության կամ որեւէ մեկի գերակշռության հետ:


Վասպուրականում գուշակություններ էին անում նաեւ տոնի օրը
ծնված երեխաների վերաբերյալ: Հավատում էին, որ Տրնդեզի երեկոյան
ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինելու, որովհետեւ կրակի հետ է
ծնվում: Այստեղ խարույկի վրայից ցատկելը մեկնում էին որպես գայլ ու
գազանից, օձ ու կարիճից չվնասվելու միջոց:


Ինչպես տեսնում ենք, փոխելով տոնի անվանումը, եկեղեցին այնուամենայնիվ չի կարողացել ազդել նրա բուն էության, բովանդակության վրա: Նա կամովին կամ ստիպված ընդունել է կրակ վառելու, կրակի շուրջը պտտվելու, վրայից թռչելու եւ այլ հեթանոսական սովորույթները: Այսպիսով, Տրնդեզը եղել եւ մնում է ազգային, բնապաշտական տոն:

 

 

Գեղամ Պետրոսյան