Մի գեր, հաստավիզ մեծահարուստ կշտամբել էր մեծ գրող Բեռնարդ Շոուին, ասելով. «Ա՜յ մարդ, էնքան ես նիհարել, որ քեզ տեսնողը կկարծի, թե էս աշխարհում սով է»։ Շոուն ստիպված էր պաշտպանվել. «Իսկ դուք այնքան եք գիրացել, որ ձեզ տեսնողը կիմանա, թե այդ սովի պատճառն ով է»։
Թվում է, թե այս դեպքը տեղի է ունեցել Երևանում։
Այս պատմությունը հիշեցի, երբ իմացա, որ Ազգային ժողովի պատգամավորները մտադիր են դադարեցնել գործազուրկներին հատկացվող 18 հազար դրամ նպաստը։ Դա նրանք համարում են դրական, իբր ավելի ճիշտ կլինի այդ գումարը նպատակաուղղել աշխատատեղեր ստեղծելու գործին՝ հօգուտ հենց գործազուրկների։
Միևնույն ժամանակ պատգամավորներն առաջարկել են իրենց աշխատավարձը բարձրացնել։ Նույն նիստում նման հակոտնյա որոշումներ ընդունելը հանրությունը համարեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ոչ պատշաճ։ Հիրավի, ո՞վ է տեսել, որ «հարսանիքն» ու «թաղումը» կատարվեն նույն տեղում, նույն ժամին։ Առաջին անգամ չէ, որ օրենսդիրները հանդես են գալիս իրենց իսկ աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Նախորդ անգամ էլ իրենք հիմնավորում էին, թե դրանով կկանխվի կոռուպցիան՝ կաշառակերությունը։ Ինչպիսի՛ անպատիվ պատճառաբանություն։
Հարց է ծագում. մի՞թե նախորդ բարձրացումից հետո կաշառակերությունը շարունակվում է, որ «ջանում» են դեմն առնել։ Այլ կերպ, ինչո՞ւ են այս ծանր սոցիալական պայմաններում նորից բարձրացնում իրենց աշխատավարձը։ Մի՞թե տրամաբանական է և բարոյական նման ձևով «կաշառք» վերցնել, որպեսզի այլ ձևով կաշառք չվերցնեն։ Սա, փաստորեն, վերջնագիր է, սպառնալիք։ Եթե չտաս, կվերցնեմ։ Տեղին է Դիոգենեսի դեպքը, ով ծափահարում էր ապաշնորհ մի կիթառահարի, և այն հարցին, թե ինչո՞ւ է նա վատ նվագողին խրախուսում, պատասխանել է. «Դուք էլ ծափահարեք, խրախուսեք, թե չէ նա, եթե երաժշտությամբ չզբաղվի, չշեղվի, կարող է մարդ սպանել»։ Ո՞վ է տեսել, ո՞ր երկրում, որ մարդուն, աշխատավարձից բացի, հավելյալ փող տան, որ նա օրենք չխախտի, պահպանի բարոյական նորմերը, լվացվի, չաղտոտի հոգու և միջավայրի էկոլոգիան, վերջապես, կաշառք չվերցնի։ Մի՞թե կաշառակեր ծնվում են։ Կոռուպցիայի դեմ պայքարը հիշեցնում է հետևյալ զավեշտը։ Մի խումբ եվրոպացի գիտնականներ վայրի ցեղերի մի կղզում ցեղապետին հարցնում են. «Ձեզ մոտ մարդակերներ դեռ կա՞ն, թե՞ ոչ»։ «Վոժդը» պատասխանում է. «Ո՛չ, ի՞նչ եք ասում, վերջին մարդակերին երեկ ենք կերել»։ Մենք էլ կարող ենք ասել. «Մեզ մոտ կաշառակերներ չկան, վերջինի աշխատավարձը երեկ ենք բարձրացրել»։
Դեռ Զիգմունդ Ֆրոյդն էր ասում, որ կուլտուրան, բարոյականությունը մարդու ներքին պահանջմունք են, ոչ թե դրսից պարտադրանք։
Ներկայիս բարքերն արժևորելու համար հաճախ հարկ է լինում զուգահեռներ անցկացնել անցյալի հետ։ Բավական է համեմատել Սյունյաց աշխարհը փրկող մեծն Գարեգին Նժդեհին Սյունիքի այսօրվա տերերի հետ, որպեսզի պատկերացնենք, թե ուր ենք հասել մենք։ Նույնը՝ շատ ու շատ բնագավառներում։
Անկախ կոմունիստների հանդեպ վերաբերմունքից, հիշենք հետևյալը. 1920-ականներին Ռուսաստանի կառավարության նիստի ժամանակ զեկուցողներից մեկն ուշաթափվեց։ Պարզվեց՝ սովից էր, և այդ հռետորը բանակի պարենի մատակարարման պետ Ալեքսանդր Ցյուրուպան էր։

Շարունակությունն՝ այստեղ