” ԾԻԾԱՂԻ ԱՐՔԱՆ ԿԱՄ ԱՄԵՆԱՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ ”

Զրույց ժողովրդական դերասան Կարպ Խաչվանքյանի հետ

- Բեմում' < Ծիծաղի արքա >, ինչպես բնութագրել էին ամերիկյան թերթերն, ում արեւմուտքի բարձրաճաշակ եւ քմահաճ հանդիսատեսը անվանել է խոսող Չապլին, իսկ ո՞վ եք դուք կյանքում:

- Կյանքո՞ւմ… աշխարհի ամենատխուր մարդը, ես ոչ մի կապ չունեմ այն կերպարների հետ, որ կերտում եմ բեմում, եռանդուն, կենսախինդ, ծիծաղաշարժ: Ես դրանց հակապատկերն եմ: Վարագույրն իջնում է, ես դուրս եմ գալիս կերպարից, դառնում մռայլ, մտածող:

- Դուք չե՞ք կարողանում սովորել ձեր կերպարներից: Ասում են' կյանքը նույնպես բեմ է, ուր խաղում են բոլորը:

- Թերեւս' ոչ բոլորը: Իմ կերպարները ավելի շատ խանգարում են ինձ կյանքում, քան օգնում: Բեմից դուրս ես կորցնում եմ խաղալու ունակությունս: Երբ Ամերիկայում պետք է վիրահատեին սիրտս, ինձ խորհուրդ տվեցին ձեւացնել իբր սրտի նոպա է սկսվել ինձ մոտ, որպեսզի հիվանդանոց հասնեմ < շտապ օգնության > մեքենայով ու վիրահատվեմ անվճար: Ես գերադասեցի զրկվել 30 հազար դոլարից եւ վիրահատվեցի վճարովի հիվանդանոցում: Այդ պահին նոպա չկար, ու ես չկարողացա հիվանդի դեր խաղալ: Ի դեպ, ես չեմ սիրում խաղալ բառը: Ես ապրում եմ իմ դերերը, հուզվում եմ, ուրախանում, վշտանում:

- Ասում են' դուք շատ եք սիրում Չապլինին:

- Ես ծնվել եմ Ախալցխայում, կախեթցի հայերի ընտանիքում, որը ոչ մի առնչություն չուներ արվեստի հետ, եւ իմ հակումը դեպի թատրոնը բնատուր էր, դերասանական ունակություններս' նույնպես: Ես Չապլինին պաշտում էի մանկուց, Չապլինն իմ կուռքն էր: Նույնիսկ բեղեր էի պահում նրա նման:

- Առաջին անգամ ե՞րբ ծնվեց դերասան դառնալու միտքը:

- Ուրիշ միտք չի եղել: Երբ ասում եմ մանկություն, հիշում եմ այն ներկայացումները, որոնք խաղացել եմ ընկերներիս հետ դպրոցական տարիներին: Այն ժամանակ իմ պայուսակի մեջ դասագրքերի փոխարեն թատրոնի մասին գրքեր էին: Մեր թատերական խումբն անվանել էինք □Արվեստի պատանի մշակներ□: Բորիսենկո անունով մի դերասան ինձ ներգրավում էր նաեւ զինվորական գնդի թատերական խմբի ներկայացումներում: Ես սիրում էի խաղալ զինվորականների հետ, նրանք բոլորովին էլ խիստ չէին, ինչպես թվում էր արկաքուստ: Կարելի է ասել, ես մեծացել եմ զինվորականների շրջապատում:

- Իսկ պատահե՞լ է, որ զինվորականի դեր խաղաք:

- Արդեն պրոֆեսիոնալ բեմի վրա հուսարի դեր եմ խաղացել: Դա մի գունեղ կերպար էր հայտնի վոդեւիլից:

- Ո՞րն է եղել ձեր ամենահաջողված կերպարը:

- Ես բարեբախտություն եմ ունեցել պրոֆեսիոնալ թատրոնում աշխատել ու առաջին օրվանից խաղալ միայն գլխավոր դերեր: Իսկ թե որքանով էին դրանք հաջողված, ես չէ, որ պիտի գնահատեմ:

- Հե՞շտ է աշխատել ռեժիսորների հետ:

- Ես պրոբլեմներ չեմ ստեղծում ռեժիսորների համար, ընդհակառակը' օգնում եմ: Կյանքում էլ ես հավակնոտ չեմ:

- Դերասանները սիրում են կրկնել, թե թատրոնը տոն է իրենց համար:

- Տո՞ն… Ես չեմ հասկանում այն դերասաններին, որոնք հաճույք են ստանում բեմի վրա լինելուց: Դա տանջանք է, դժվարին քննություն է, որին նախորդում են ապրումներ: Ես բեմը լքում եմ հոգնած ու ուժասպառ:

- Իսկ հանդիսատեսի ծափե՞րը...

- Թերեւս միակ բարեբախտությունը: Քեզ վարձատրված ես զգում, գոհանում ես, որ իզուր չէր ողջ տքնանքդ: Բեմում դերասանը հաճույք է պատճառում հանդիսատեսին սեփական տանջանքի գնով: Այնուամենայնիվ, այդպես է իմ պարագայում:

- Ձեր խառնվածքում կա՞ մի գիծ, որը խանգարում է կյանքում:

- Անհամեստ չթվա' համեստությունս: Բայց իմ առաքինություններից հենց այդ գիծն է, որ ավելի բարձր եմ գնահատում:

- Իսկ կա՞ մի բան, որով, չնայած ձեր համեստությանը, այնուամենայնիվ' պարծենում եք:

- < Ախ, ներվեր, ներվեր >-ում կա մի տեսարան: Ես աստիճանաբար քնում եմ, դահլիճը աստիճանաբար սսկվում է: Գալիս է մի պահ, երբ քար լռություն է 1500 հոգիանոց սրահում, լսվում է անգամ ճանճի տզզոցը: Հանդիսատեսը վախենում է < արթնացնել > ինձ: Ես մտքիս մեջ պարծենում եմ այդ դրվագով: Այսօր ինձ թույլ տվեցի արտահայտվել բարձրաձայն:

- Պարոն Խաչվանքյան, նույնիսկ ամենատխուր մարդիկ երջանկության պահեր են ունենում:

- Սիրտս վիրահատել են երկու անգամ: Երբ մտովի հրաժեշտ ես տալիս կյանքին, բայց վիրահատությունից հետո բացում ես աչքերդ ու տեսնում Աստծո լույսը, իսկապես երջանիկ ես զգում քեզ: Ես չունեմ չիրականացած երազանքներ: Թերեւս մեկի փոխարեն կուզենայի շատ զավակներ ունենալ: Նաեւ մի թոռնիկ ունեմ, որին պաշտում եմ:

- Ինչո՞վ եք զբաղվում թատրոնից զատ, ի՞նչ նախասիրություն ունեք:

- Դաշնամուր եմ նվագում, ես ոչ մի նոտա չգիտեմ, նվագում եմ լսողությամբ: Երբ երիտասարդ էի, տարված էի ճազով: Տարօրինակ է, բայց ծերության հետ կորցրեցի հետաքրքրությունս ջազի հանադեպ: Ես շատ եմ շրջագայել, տեսել եմ բազմաթիվ երկրներ: Ինձ խորթ են արեւմուտքի բարքերը: Պետք չէ, որ մենք կուրորեն ընդօրինակենք Եվրոպայի կենսակերպը, մեր ազգն ունի ավանդույթներ, որոնք շատ ավելի կենսունակ են ու բարոյական: Մենք պետք է փրկենք մեր մշակույթը օտար ազդեցություններից:

- Այսօր շատ են խոսում այն մասին, որ մեր ժողովուրդը կորցրել է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ, դարձել է նյութապաշտ: Ավելի քան կես դար դուք բեմի վրա եք, փոխվե՞լ է հայ հանդիսատեսը, ձեր կարծիքով:

- Հանդիսատեսը միշտ էլ նույնն է: Չկա վատ հանդիսատես, կա վատ դերասան: Եթե ժողովուրդը չի ձգտում դեպի թատրոն, մեղավորը դերասանն է: Լավ ներկայացման ժամանակ դահլիճը երբեք դատարկ չի մնա: Մեր կառավարությունը այսուհետեւ ֆինանսավորելու է միայն Ազգային օպերային եւ Մայր թատրոնին: կարծում եմ' միանգամայն ճիշտ որոշում է, հնարավորություն է տրվում ազատ մրցակցության, ստեղծվում է խթան, որպեսզի թատերական կոլեկտիվները մտահոգվեն իրենց ներկայացումների որակով:

- Պարոն Խաչվանքյան, դուք ռուսական կրթություն ունեք: Կարծում եմ' բազմաթիվ առիթներ եք ունեցել աշխատելու Ռուսաստանում կամ այլ արտերկրում, սակայն ձեր ամբողջ կյանքը նվիրել եք հայ բեմին:

- Իմ մեջ, մանավանդ Վրաստանում ապրած տարիներին, շատ ուժեղ էր հայրենիքի զգացողությունը: Այո, առիթներ եղել են գնալու, սակայն միշտ ինչ-որ բան ետ է պահում:

- Այդ ինչ-որ բանը հարկավ հայրենասիրությունն է:

- Ես ճոռոմ խոսքեր չեմ սիրում, բայց թերեւս' հայրենասիրությունը:

- Այսօր այնքան շատ են խոսում հայրենասիրության մասին, որ բառը կարծես թե իմաստազրկվել է: Դուք ու՞մ եք համարում հայրենասեր:

- Հայրենասերը նա է, ով ճանաչում ու գնահատում է իր ազգային արժեքները եւ անում է հնարավորը, որպեսզի հայրենիքը դառնա ավելի բարգավաճ, ավելի ամուր ու արդար: Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր թաքցնում են իրենց զավակներին կամ ուղարկում արտերկիր, որպեսզի ազատեն նրանց զինվոր դառնալու թեկուզեւ դժվարին պարտքից ու պատվից: Ես չեմ կարողանում հասկանալ այն պաշտոնյաներին, ովքեր օգտագործելով իրենց դիրքը' տաքուկ տեղեր են խցկում իրենց զավակներին, հետո խիղճը հանգիստ ճառում են պետության անունից ու հայրենասիրությունից: Նախկինում ծնողները մտածում էին, որ իրենց զավակները կգնան բանակ, կդաստիարակվեն, մարդ կդառնան ավելի խելահաս ու հասկացող: Այսօր, ցավոք, մեր նորակազմ բանակը դեռեւս չունի այդ հեղինակությունը: Սակայն ինչպիսի պրոբլեմներ էլ լինեն բանակում, ես դատապարտում եմ դասալքությունը: Դավաճանությունը մարդկային արատներից վատթարագույնն է, հայրենիքի դավաճանությունը' առավել եւս:

- Պարոն Խաչվանքյան, ինչպես ժողովրդին, այնպես էլ զինվորներին այսօր շատ է հարկավոր ծիծաղ, բարձր տրամադրություն: Հուսով եմ, որ մենք կրկին հնարավորություն կունենանք տեսնել ձեզ բեմի վրա, հիանալ ձեր անզուգական դերակատարումներով:

- Հայրենական պատերազմի տարիներին թատերական խմբերը ներկայացումներ էին կազմակերպում հենց ճակատում' գնդակների տարափի տակ, բարձրացնում էին զինվորների տրամադրությունը, հավատ էին ներշնչում հաղթանակի հանդեպ: Այսօր, փառ Աստծո, պատերազմ չկա, սակայն չպետք է կտրվի մշակութային կոլեկտիվների ու բանակի կապը: Ես ցանկանում եմ իմ հանդիսատեսի շարքերում տեսնել նաեւ զինվորների: Նրանք անպայման բարձր տրամադրությամբ կհեռանան թատրոնից: Իհարկե, արվեստագետը չի կարող հայրենասիրության քարոզ կարդալ կամ անձնվեր ծառայելու հրաման տալ զինվորներին, սակայն նրա կերտած կերպարները կանեն ավելի, քան ցանկացած քարոզ ու հրաման, կդառնան օրինակ, կազդեն երիտասարդների մտածելակերպի, աշխարհընկալման վրա, կստիպեն վերանայել շեղված չափանիշները: Արվեստը ազնվացնում է մարդուն, մաքրում հոգին չարությունից, ցածր հակումներից, դարձնում զգայուն, կարեկից: Բանակը, լինելով ուժային կառույց, իր ներսում ձեւավորված ուժային փոխհարաբերությունները պիտի մեղմի գթասրտությամբ, բարությամբ, հոգատարությամբ:

Ուզում եմ օգտվել առիթից ու բարեմաղթանքներս հղել հայոց բանակի զինվորներին ու սպայակազմին: Ցանկանում եմ, որ նրանք լինեն առողջ, զգոն ու կարգապահ: Պատվով կատարեն իրենց բացառիկ կարեւոր գործը: Եվ… Թող այցելեն կոմեդիայի թատրոն:

- Պարոն Խաչվանքյան, ընդունեք <Հայ զինվորի> ջերմագին շնորհավորանքները ծննդյան 75-ամյակի առթիվ: Առողջություն ձեզ ու բեղուն ստեղծագործական աշխատանք: