Վերջերս Թուրքիայի Ժամանակակաից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքայը, գրքի վերածելով իր մոր՝ 82-ամյա Հոշանայի կյանքի պատմությունը, ընթերցողներին ներկայացրեց «Հոշանայի վերջին խոսքը» վերնագրով գիրքը: Գրողը փորձել է ներկայացնել Հայոց ցեղասպանության տարիներին իսլամացված մոր պատմությունը, որը ամբողջ կյանքի ընթացքում զավակներից ու թոռներից թաքցրել է իր հայկական ծագումը: Ահմեդ Աբաքայը գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին պատմել է, թե ինչպիսի արձագանքներ է ստացել ընտանեկան պատմության հրապարակումից հետո: Մտերիմները հետաքրքրվել են, թե ինչու է Ահմեդը այսքան տարի անց որոշել բացահայտել մոր հայկական ինքնությունը: «Մի պահ զգացմունքներիս տուրք տվեցի՝ որոշելով դադար տալ: Մտածում էին, արդյո՞ք անհանգստություն կպատճառեմ շրջապատիս»,-նշել է հեղինակը: Այնուհանդերձ գրքի լույսընծայումից հետո գրողին չի հաջողվել խուսափել հարազատների սուր քննադատությունից: «Ինձ զանգահարեցին հարազատ քեռուս երեխաները: Ասացին, թե գրքից պետք է հանեմ «հայ» բառը և «հայ» չանվանեմ իրենց հորաքրոջը, այլապես նրանք հավաքել կտան բոլոր գրքերը: Եթե իմ բարեկամները նույնիսկ այսօր նման վերաբերմունք են ցուցաբերում, ապա միանգամայն բնական է, որ Հոշանան այսքան տարի վախով է ապրել»,-պատմում է Ահմեդը: Ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված ևս մեկ հայ կնոջ պատմությունը թուրք հասարակությանը ներկայացրած գրողը պատմել է նաև, որ գտնել է մոր անվան ստուգաբանությունը: Պարզվել է, որ «Հոշ Անա» հայկական անունը նշանակում է «սրբազան գիշեր, երբ ընդունվում են աղոթքները»: Հետաքրքրական է, որ մոր հայկական ծագման մասին իմանալուց հետո Ահմեդ Աբաքայը չի փոխել իր վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ: «Հայկական ինքնության բացահայտումը ամենևին էլ հեշտ չէ, քանի որ մեզանում դեռևս հաշվեհարդարի մշակույթ կա: Իմ գաղափարներում փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես հետաքրքրասիրությունից դրդված ուսունասիրություններ անելու կարիք եմ զգացել: Հայ լինելը ինձ համար պատիվ է: Ես այն եմ, ինչ կամ: Այս պատմությունը ինձ վրա միայն զգացական ազդեցություն թողեց, այն, թե վախը ինչ աստիճանի է համակել մարդկանց: Գիրքը գրելիս զգացմունքային առումով շատ դժվարություններ ապրեցի: Որոշ հատվածներ արտասվելով եմ շարադրել»,-անկեղծացել է «նոր հայ» Ահմեդ Աբաքայը: