Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովն ուշագրավ էր ոչ միայն դրա աշխարհաքաղաքական ընդգրկվածության հարցերի քննարկամն առումով, այլև ՀՀ նախագահի հայտարարությամբ: Դրանով, փաստորեն, ինչ-որ ձևավորումներ են տեղի ունենում ՀԱՊԿ ներսում: Նա ասաց հետևյալը."Ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններումնույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը": Վերջերս Գաբալայում կայացած թյուրքալեզուպետությունների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովում ընդունվեց հռչակագիր, որտեղ կարևորվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, « որը կայունության և Ադրբեջանի ինքնիշխանության,տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից մեկն է»: Սրա տակ ստորագրել են ՀԱՊԿ անդամներ Ղրղզստաննու Ղազախստանը: Այն ժամանակ պաշտոնական Երևանից որևէ արձագանք չեղավ, և տարօրինակ էր, որ անվտանգության ոլորտում համագործակցող գործընկերները սեփական դաշնակցի թշնամի երկրի հետ ստորագրում են նրա դեմ ուղղված փաստաթուղթ, իսկ Երևանում լռում են: Նախագահը, թեև ուշ, բայց որոշեց մի փոքր կշտամբել դաշնակիցներին իրենց վարքագծի համար: Հատկանշական է, որ դա արվեց Մաքսայինին միանալու որոշումն ընդունելուց հետո: Չնայած նա նմանատիպ հայտարարություն արել էր ՀԱՊԿ-ի շրջանակներում նախկինում ևս, որոնք, սակայն, շատ ընդհանրական գնահատականներ էին և պարզ չէր, թե կոնկրետ ում էր նկատի ունենում նախագահը, բայց այս անգամ նրա խոսքն ավելի թափանցիկ էր, որը դիվանագիտության մեջ նշանակում է դիրքորոշման կոշտացում, և արդեն ավելի պարզ էր, որ նա նկատի ուներ Ղազախստանին ու Ղրղստանին: Հավանաբար, այսպիսի կոշտ հայտարարությունը համաձայնեցվել է Վլադիմիրովիչի հետ, այլապես, այնքան էլ հեշտ բան չէ Ռուսաստանում՝ ՀԱՊԿ շրջանակներում նման քննադատական միտք հնչեցնելը այն ժամանակ, երբ այնտեղ լուծվում են աշխարհաքաղաքական որոշակի հարցեր, ինչը պահանջում է կառույցի անդամների միջև փոխըմբռնման մթնոլորտի առկայություն, որն ահնրաժեշտ է նաև արտաքին աշխարհի կողմից տվյալ կառույցի ֆունկցիոնալ ու գաղափարական կարողությունների լրջության գնահատման համար: Սարգսյանը շարունակում է իր դեմարշը կազմակերպության հեղինակության վկայակոչումով նույնիսկ.- «Մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբայդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ». սա ավելի շատ մոսկովյան կշտամբանք էր, քան երևանյան նախատինք: Ըստ երևույթին՝ Պուտինին նույնպես դուր չի եկել դաշնակիցների այդ կեցվածքը, և նա Սերժ Սարգսյանի շուրթերով հասկացրեց նաև, որ անթույլատրելի է հարվածել Կազմակերպության հեղինակությանը, որ յուրաքանրյուր անդամ պետք է իր քաղաքականության սկզբունքները բխեցնի նաև Կազմակերպության սկզբունքներից ու շահերից: Այսպիսով, մաքսայինին անդամակցելու որոշման դիմաց, Ռուսաստանը Հայաստանին մանևրելու և սեփական շահերին հետամուտ լինելու, գուցե իմիտացիոն, հնարավորություն է բացել՝ ցույց տալու համար, թե Հայաստանի իրական շահերը որտեղ են և ինչպես կարող են ռեալիզացվել: Արևմուտք-Արևելք մրցակցությունը Հարավային Կովկասում շարունակվում է: