Երկրի բնակչությունը, որն այս պահին քիչ փոքր է 7 մլրդ-ից, հարյուրամյակի ավարտին կհասնի մինչև 10,1մլրդ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մասնագետների պատրաստած զեկույցում: Ինչպես կանխատեսում են փորձագետները' այս տարվա հոկտեմբերին մարդկության քանակը կգերազանցի 7 մլրդ-ը: 2023 թ. աշխարհում կապրի 8 մլրդ մարդ, իսկ 2041թ.' 9 մլրդ, 2100 թ. կհաշվարկվի 10,1 մլրդ մարդ: Մասնագետների խոսքերով' բնակչության ամենամեծ աճը տեղի կունենա բարձր ծնելիությամբ շրջաններում՝ Աֆրիկայի Հարավային Սահարայում, Ասիայում, Օվկիանիայում, Լատինական Ամերիկայում: Համաձայն կանխատեսումներին՝ Աֆրիկա մայրցամաքում մարդկանց քանակը կեռապատկվի' ներկայիս 1մլրդ-ից դարավերջում հասնելով 3,6 մլրդ-ի: Ինչպես բացատրում են ՄԱԿ-ի աշխատակիցները' այս զարգացող երկրներում բացակայում է ծնելիության վրա պետական հսկողությունը, զարգացած է բազմակնությունը, կանայք ամուսնանում են վաղ հասակում և տեղեկացած չեն հակաբեղմնավորիչ միջոցների մասին: Բնակչության աճ կնկատվի նաև զարգացած երկրներում: Փորձագետների խոսքերով' կավելանա ԱՄՆ-ի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի բնակչությունը: Կաճի նաև աշխարհում կյանքի միջին տևողությունը' ներկայիս 68-ից 2100 թ. կհասնի 81-ի: Առաջին հերթին դա տեղի կունենա շնորհիվ աֆրիկյան մայրցամաքում մահացության նվազման' ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում նոր դեղամիջոցների ստեղծման պարագայում: