Պատմության մեջ այս օրը' 1099թ. հունիսի 7-ին խաչակրաց Առաջին արշավանքի շրջանակներում խաչակիրների կողմից սկսվեց Երուսաղեմի պաշարումը: Խաչակիրները արշավում էին Ռայմոնդ Թուլուզացու, Գոտֆրիդ Բուլյոնցու և Ռոբերտ Նորմանդացու գլխավորությամբ: Մուսուլմանները կարողացել էին մոտ 1 ամիս դիմադրել: Սակայն 1099թ. հուլիսի 15-ին խաչակիրները պաշարողական մեքենաների հաջող գրոհների արդյունքում կարողացան կոտրել դիմադրությունը և ներխուժել քաղաք: Ներխուժումից հետո խաչակիրները իսկական սպանդ իրականացրեցին Երուսաղեմում: Ահա թե ինչ է գրում դեպքերի ժամանակակից Վիհլեմ Թիրացին:
«Անհնար էր առանց սարսափի տեսնել, թե ինչպես էին սպանվածների մարմինները գցած և մարմնի մասերը և ինչպես էր ամբողջ գետինը արյունով պատված: Եվ ոչ միայն այլանդակված մարմիններն էին սարսափ տարածում այլև էլ ավելի սահմռկեցուցիչ էր այն որ, հաղթողները ոտքից գլուխ արյան մեջ էին և սարսափեցնում էին յուրաքանչյուրին: Խոսում են, որ տաճարում 10 հազար մարդ է սպանվել, չհաշված նրանց ովքեր սպանվել այստեղ քաղաքում, փողոցներում հրապարակներում որոնց թիվը ավելի քիչ չէ:
Զորքերի մի մասը քաղաքի տարբեր անկյուններից որսում էր այդ դժբախտներին, որոնք ցանկանում էին պատսպարվել և սպանում էր: Ուրիշները խմբերով մտնում էին տներ վերցնում ընտանիքներին, կանանց երեխաներին և սրախողխող անում, կամ նետում որևէ բարձր կետից, որից հետո նրանք մահանում էին: Դրան զուգահեռ տներ մտնողները սեփականաշնորհում էին զոհերի ունեցվածքը: Դա խաչակիրների միջև համաձայնեցվել էր նախքան քաղաքի պաշարումը: Այդ իսկ պատճառով նրանք շատ ավելի լավ կերպով էին ուսումնասիրում քաղաքը և ավելի այլանդակ կերպով սպանում քաղաքացիներին: Նրանք մտնում էին ամենագաղտնի թաքստոցները և տներ մտնելով դռներին վահան կամ զենք էին կախում, որը խորհրդանշում էր այն, որ այդ տունը արդեն իսկ զբաղված է»: