Շաբաթ օրվանից Հայաստանն ունի արդեն նոր կառավարություն։ Կադրերի մասնագիտական ու մարդկային որակների մասին դատողությունների պատասխանատվությունը թողնենք վարչապետին' նա է առաջարկել, նա էլ ունի իր հիմնավորումներն ու բացատրությունները: Հիմա խոսենք մի փոքր այլ պրիզմայով:

Կադրերը' կադրեր, կա խնդրի առավել կարևոր կողմը' կառավարության ձևավորման սկզբունքը: Ակնհայտ է, որ այս կառավարությունը իրավիճակային ու կոմպրոմիսային է և բնավ համարժեք չէ թավշե հեղափոխության առաջադրած պահանջներին ու նպատակներին: Պարզապես ելք է ստեղծված իրավիճակից: Ի սկզբանե անվանված է, որ կառավարությունն անցումային է' մինչև ԱԺ արտահերթ ընտրութուններ, և դա մասամբ արդարացնում է կառավարության կոմպրոմիսային կազմը: Բայց նշանակումից հետո կառավարությունը պիտի սկսի գործել, ու այս կետից սկսվում են հարցականները:

ՈՒ՞մ են ենթարկվելու նախարարները' վարչապետի՞ն, թե՞ կուսակցությանը, որ իրենց առաջադրել է նախարար: Այս կետի վրա սայթաքել են ՀՀ բոլոր բազմակուսակցական կառավարությունները: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարների գործունեության առանցքում դե յուրե լինելու է կառավարության ծրագիրը, որ դեռ պիտի ներկայացվի ԱԺ հաստատմանը, իսկ դեֆակտո՞: Դարակազմիկ գաղտնիք չէ, որ բոլոր կուսակցությունները' խորհրդարանական ու արտախորհրդարանական, պատրաստվում են ընտրությունների, չե՞ն օգտագործելու այդ կուսակցությունները իրենց վարչական լծակները հօգուտ իրենց ձայներ ապահովելու: Ի՞նչ լծակ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին պահելու ծրագրային ու սկզբունքային դաշտում:

Եթե «Իմ քայլի» նպատակը ոչ միայն «Մերժիր Սերժինն» էր, այլ' համակարգ փոխելը, ինչպե՞ս պիտի համակարգից պոկված մասերը պայքարեն համակարգի դեմ: Տեսականորեն նույնիսկ գեղեցիկ ու տպավորիչ է հնչում' ժողովրդի կողքին լինել, ժողովրդի ցավը տանել և այլն, և այլն, գործնականում անգամ կիսաքանդված վիճակում համակարգի ինքն իր դեմ պայքարելու կամ իրեն վերականգնելու հավանականությունը 50։50 է: Ինչպե՞ս պիտի օլիգարխի գլխավորած կուսակցությունը պայքարի օլիգարխիայի դեմ: Ձևավորելով այս կոմպրոմիսային կառավարությունը' Հայաստանի թավշե հեղափոխությունն այս փուլում արժեքային նահանջ է արձանագրում: Մեծ հարց է' ուժերի վերականգնումից հետո ո՞ր արժեքները կգերակայեն: Ձևակա՞ն ժողովրդավարության, թե՞ բովանդակային:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում լինելու են անակնկալներ: Արդեն իսկ ուրվագծվում է, որ ՀՀԿ-ն միասնական չի մնալու' նվազագույնը ՀՀԿ նախագահն ու առաջին փոխնախագահը ընտրություններում միասին չեն լինելու: Կարեն Կարապետյանը' Սամվել և Կարեն Կարապետյանների հետ միասին, փորձելու է քաղաքական նոր դեմքով մասնակցել ընտրությունների' դա ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական խնդիր է, որքան' ֆինանսական: Ս. Կարապետյանը թեթևամտորեն չափազանց մեծ ներդրումներ է արել Հայաստանում ու այնքան սեփականություն ունի, որ չի կարող թողնել բախտի քմահաճույքին: Լինելու է նաև ՌԴ քաղաքական պատվերը' նոր ԱԺ-ում ունենալ իր թևը: Համենայն դեպս' ապահովության համար:

Հայկական թավշե հեղափոխությունն ուներ մեկ գերակա խնդիր' վերականգնել ՀՀ ինքնիշխանությունը: Միայն անկախության պարագայում է հնարավոր տնտեսական հաջողություններ ունենալ: Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է զարգացնել հայ-վրացական, հայ-իրանական, հայ-չինական, հայ-հնդկական հարաբերությունները: Հրաշալի է, իսկ Ռուսաստանը թողնելու՞ է, որ զարգացնի: Այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թշնամին էր ու ուզում էր ծաղկեցնել արտագաղթը, աղքատությունը, քայքայել տնտեսությունը: Իշխանության լեգիտիմության պակասը նրան կախման մեջ էր դնում ՌԴ-ից:

Նիկոլի իշխանության նույնիսկ 1000- տոկոսանոց լեգիտիմությունը նրա համար դեռ չի ապահովում մենաշնորհների վերացում տնտեսության մեջ ու ազատ մրցակցության հաստատում: Կարողանալու՞ է Փաշինյանի կառավարությունը վերացնել «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը և Իրանի գազը բերել Հայաստան ու Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր' Իրանից Եվրոպա գազ արտահանելու համար:

Կարողանալու՞ է Փաշինյանի կառավարությունը այնքան անկախ քաղաքականություն վարել, որ Չինաստանը իր «Մետաքսի Մեծ ճանապարհի» ցամաքային հատվածներից մեկը անցկացնի Հայաստանով' ապահովելով ներդրումներ ու ենթակառուցվածքների զարգացում: Նիկոլի վրա մի կասկածեք, նրա նշանակած նախարարները ունենալու՞ են այդ ցանկությունը և աշխատելու՞ են այդ ուղղությամբ, եթե և ԲՀԿ-ն, և ՀՅԴ-ն սերտ շաղկապված են ռուսական քաղաքական ու բիզնես էլիտաներին ու նրանց թելադրանքով գործելու մեծ փորձ ունեն, իսկ վտանգի պահին' ՌԴ-ից Հայաստանի վրա ճնշում գործադրելով հարցերը լուծելու պրակտիկա: Վերջապես ե՞րբ է Փաշինյանը հասկանալու, որ սիրաշահել չի նշանակում անվտանգ դարձնել, որ առավոտից երեկո Ռուսաստանին հավատարմության երդումների արանքում պարտավոր է հիշել, որ կա ԵՄ, կա Ֆեդերիկա Մոգերինի, որ օրը երկու հայտարարություն էր անում, որ Նիկոլին ազատ արձակեն ու բռնությունների չդիմեն: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ, որ այսքան տարի պահել է միանշանակ հայամետ դիրքորոշում ամենատարբեր հարցերում' թեկուզ միայն Իրանի հետ ՀՀ հարաբերությունների զարգացումը պատժամիջոցներով չկաշկանդելը: Կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիա ու Ֆրանսիայի նախագահ, որ հոկտեմբերին գալու է Հայաստան:

Նոր կառավարությունն ունի 100 օրվա անքննադատ գործունեության չգրված իրավունք: Իսկ կգործի՞ այդքան նոր կառավարությունը' 3 ամիս ու ավելի, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն են օրակարգի թիվ 1 հարցը: Կամ' ի՞նչ իրավիճակ կստեղծվի կառավարության գործունեության հետևանքով:

Շարունակելի…