Ինչպես և կանխատեսվում էր, Սարգսյան-Ալիեվ բանակցություններում ոչ մի բեկումնային զարգացում տեղի չունեցավ։ Դատելով թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ի, թե՛ Սերժ Սարգսյանի հայտարարություններից, միակ բանը, որը կարելի է համարել այս բանակցությունների արդյունք այն է, որ ոչ մի ռադիկալ հետընթաց չկա, վաղվանից տուրուդմփոց չի սկսվելու սահմանում։
Այս մասով դժվար, թե որևէ մեկը անակնկալի է եկել, որովհետև մեծ հաշվով՝ թե՛ փորձագիտական հանրությունը, թե՛ շարքային քաղաքացիները մեծ ակնկալինքներ չունեին՝ կապված հանդիպման արդյունքների հետ։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինեն սրա հարակից զարգացումները, որովհետև հայկական կողմը արդեն բաց տեքստով ասում է, որ եթե պետք է մի քանի ժամ ոչնչի շուրջ բանակցեն ու հանդիպեն՝ հանդիպելու համար, ապա մեզ այդպիսի բանակցություններ պետք չեն։
Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ բանակցություններում ցանկացած պրոգրեսսը մեր կողմը պայմանավորում է առնվազն վստահության գործոնի հետ, որը ներկայումս ունի հստակ ձևակերպում՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում։

 

Հիմա Ալիեվը կրկին խուսանավեց իր ստանձնած պարտավորությունները կատարելուց և Հայաստանը կոնկրետ ակնկալիքներ ունի միջնորդներից ու կախված նրանից, թե որ աշխարհաքաղաքկան կողմը ավելի մեծ հետևողականություն կդրսևորի Ադրբեջանին սանձելու, կամ էլ՝ հայկական կողմի պահանջմունքները կոմպենսացնելու հարցում, դեպի այդ կողմն էլ կթեքվի Հայաստանի աշխարհաքաղաքական օրիենտացիայի նժարը։ Ասել է, թե՝ ԵՄ-ն իրենց ավելի «լավ» պահի, ապա կստորագրենք շրջանակային համաձայնագիրը, Ռուսաստանն ավելի «լավ» պահի՝ չենք ստորագրի։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան