Հայաստանի անկախության կորստի ջատագով Անդրանիկ Նիկողոսյանը կրկին «եթերում» է։ Հիշեցնեմ, որ սույն պնակալեզը երկու տարի առաջ մեզ առաջարկում էր մտնել ՌԴ-ի կազմի մեջ որպես գուբերնյա։ Ի դեպ, ըստ «խրոնիկ երիտասարդ» Անդրանիկի, ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար մենք նույնիսկ պետք է խնդրեինք Մոսկվային։
Բացարձակ մտադրություն չունեմ անդրադառնալու Մոսկվայում պատսպարված ժամանակակից «Վեստ Սարգիսի» մտքերին, ով շարունակում է իր ռուսամետությունը։ Միայն մի քանի դրվագ այս ամենագետի հարցազրույցից, որը նա տվել է հայաստանյան կայքերից մեկին։ Օրինակ՝ ես առաջին անգամ իմացա, որ Ռուսաստանը Սովետական Միության մայրաքաղաքն էր։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։ 150 միլիոն բնակչություն ունեցող և հիմա էլ աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիրը համարվող Ռուսաստանն ընդամենը եղել է ԽՍՀՄ մայրաքաղաք։ Երևի հենց այդ պատճառով էլ Նիկողոսյանն առաջարկում է, որ ՀՀ-ն դառնա ՌԴ-ի մաս։ Մտածում է, որ երբ Պուտինը վերականգնի ԽՍՀՄ-ը, Հայաստանը մեխանիկորեն կդառնա այդ ռեինկարնացված պետության մայրաքաղաքի մի մասը։
Բացի այդ՝ պարզվում է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա մենք ավելի շատ խնդիրներ կունենանք։ Օրինակ՝ ըստ տավարիշչ Նիկողոսյանի՝ հիմա էլ հրդեհներ, արջեր, գայլեր, օձեր ու գազաններ պետք է հասնեն Երևան, նոր մենք մտածենք մեր խնդիրների մասին։ Պարզվում է նաև, որ եթե մենք ԵԱՏՄ-ում չլինեիք, ապա ՌԴ-ն իր ԻԼ-76 չէր ուղարկի հայաստանյան անտառներում բռնկված հրդեհները մարելու համար։ Զարմանալ կարելի է սույն պրիմիտիվի մտածելակերպի վրա։ Պարզվում է, որ երկրները որևէ տնտեսական կամ ռազմա-քաղաքական կազմակերպության անդամ են դառնում անտառային հրդեհներ մարելու, օձերի, արջերի, գայլերի և այլ կենդանիների դեմ պայքարելու համար։ Դե հա, Պուտինն արդեն պայքարում է հրդեհների դեմ, իսկ Նազարբարևը և Բատկան էլ իրար մեջ կբաժանեն կենդանիներին և կպայքարեն նրանց դեմ, որ հանկարծ Երևան չմտնեն։
Զարմանում եմ, որ մեր որոշ ԶԼՄ-ներ հարթակ են տրամադրում սույն անգրագետին, ով ոչ միյան փայլատակում է իր ստրկամտությամբ, այլև անգրագիտությամբ։
Մոսկվայում երբեք չսովորեցին իրենց սխալների վրա և չհասկացան, որ ժամանակին, հովանավորելով անդրանիկնիկողոսյանների նմաններին, կորցրին Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, մերձբալթյան հանրապետությունները և ողջ Արևելյան Եվրոպան։
Մոսկվային դուր են գալիս այն գործիչ-գործիքները, որոնք մշտապես գովերգում և փառաբանում են Ռուսաստանին։  Առողջ քննադատությունը Մոսկվայում ընդունվում է որպես թշնամանք։ Դե ինչ։ Եթե Կրեմլում մտածում են, որ ճիշտ են անում, ապա Անդրանիկ Նիկողոսյանը հենց այն գործիքն է, որի շնորհիվ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ ավելի կաճեն։


Գագիկ Համբարյան