«ՌԴ-ն Ադրբեջանին է մատակարարել 12 հատ «Хризантема-С» (9P157-2) համալիրներ, ավելի քան 15 այդպիսի համալիրներ մատակարարվելու են մինչև 2018թ.-ի վերջը»,- փոխանցում է IHS Janes Defense Weekly-ն։
Հանդեսը նշում է, որ «Хризантема-С»-ը Բաքվին է մատակարարվում 2009-2010թթ. Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև մոտ հինգ միլիարդ դոլարի կնքված պայմանագրերի հիման վրա։

 

Այդ զինատեսակն ունի հակատանկային ուղղվածություն։ Հզոր հրթիռները թույլ են տալիս խոցել ցանկացած տանկ, տարբեր դասի զրահամեքենաներ'անգամ դինամիկ պաշտպանությամբ։ «Хризантема-С»-ը կարողանում է բարդ տեղանքով շարժվել 45 կմ ժամ արագությամբ։ Առանց վերալիցքավորման մեքենան կարողանում է հաղթահարել մինչև 600 կմ։ Մարտական վիճակի է բերվում հաշված րոպեների ընթացքում։ Այն կարողանում է մարտ վարել 400 մետրից մինչև 6 կմ հեռավորության վրա, ցանկացած եղանակային պայմաններում, գիշերն ու ցերեկը։

 

Ադրբեջանը գնելով հակատանկային միջոցներ (չմոռանանք նաև նրանց մոտ իսրայելական Spike համակարգերի առկայությունը' նույնպես հակատանկային նշանակության, որոնք կիրառվել են ապրիլյան քառօրյայի ընթացքում), փորձում է թույլ չտալ հայկական կողմին հակագրոհի անցնել ու դուրս գալ մարտավարական խորություն, ընդլայնել «անվտանգության գոտին» ու տանկային գրոհներով դուրս գալ նոր բնագծեր, այդ թվում՝ Քուռի ափ, ինչի մասին այդքան շատ են խոսում տարբեր փորձագետներ։

 

Հակատանկային պատվար ստեղծելով՝ Ադրբեջանը ցանկանում է հայկական ուժերին «սեղմել» այն բնագծերում ու խրամատային կոնֆիգուրացիներում, որոնք առկա են ապրիլից հետո։ Չմոռանանք, որ հայկական ուժերը մինչև ապրիլը սահմանագծի գրեթե ողջ երկայնքով (որոշ բացառություններով հանդերձ) գտնվում էին ավելի շահեկան (բարձր) դիրքերում, այժմ նոր բնագծեր դուրս գալու համար' «անվտանգության գոտին» լայնացնելու, խորացնելու համար լայնածավալ գործողությունների դիմելիս պետք է հաշվի առնել Ադրբեջանի մոտ «Хризантема-С», Spike-երի, անօդաչու կամիկաձեների, Սմերչի առկայությունը, ինչը բաց դաշտում' դաշտավայրային տեղանքում մահացու է ցանկացած գրոհի, այդ թվում՝ լայնամասշտաբ ու մեծ մարդկային (նաև զրահատեխնիկա) կորուստներով է ուղեկցվելու։