Դու ինձ կփնտրես, ես դա լավ գիտեմ,
Բայց այն ժամանակ, երբ փնտրել պետք չէ,
Եւ արցունքներդ պիտի հեղեղվեն
Բայց, ի սեր Աստծո, մի անիր, պետք չէ:
Ու հուշեր պիտի ծնվեն հուշերից,
Ու լույսդ պիտի փոխանցվի խավար,
Դու չես փախչելու իմ նուրբ փշերից,
Եւ ինձ կփնտրես, հայացքս թափառ,
Բայց այն ժամանակ, արդեն մայրացած,
Դու ինձ կհիշես տոչոր մի տապով,
Եւ հուշերի նուրբ հոսքից քնքշացած,
Բարձդ կշոյես այտիս տեղ ափով:
Բայց այն ժամանակ, երբ քեզ են շոյում,
Ու շոյել պետք չէ:
Կհիշես նաև սերը իմ անհուն,
Թափված ջանքերը իմ տիտանական,
Կանցնի գիշերը, բայց դու՝ դեռ անքուն,
Ու ինձ կանիծես իբրև ուրվական,
Օ, մի խաբիր, նոր խաբկանք պետք չէ:
Ու խավարի մեջ, լուսե արցունքներ,
Կթոշնեն անտես, լռիկ ու անփայլ քնքուշ այտերիդ,
Կհիշես դու ինձ արդեն մաս առ մաս,-
Եւ ես կդառնամ աղոտ մի երազ:

 

***

Հիշում եմ խնձորի այն այգին,
Հիշում եմ խնձորի ծառը,
Որտեղ իմ սիրտը թրթռաց,
Դեմքս սփրթնեց, այլայլվեց,
Իսկ լեզուս քեզնից սեր մուրաց:
Իմ եղեգ հոգին թեքվեց դեպի քեզ,
Խոնարհվեց առաջին իմ անգին կույսի,
Ինչպես մի ծաղիկ վաղորդյան գարնան,
Որն սպասում էր արևին հույսի:
Իմ եղեգն այդպես խոնարհ շատ մնաց,
Մինչև գարունս եկավ ու գնաց,
Իսկ երբ սթափվեց՝ աշուն էր արդեն...
Ցողը դառնագին այտերս լվաց,
Հոգիս դատարկվեց, բայց խորքում մնաց տանջող կարոտով
Մի ծաղկած այգի, մի խնձորենի և մեկ էլ մի դեմք
շողերը վրան:

 

***
Նարուկին

Մթություն,
Լռություն,
Մի երազ,
Սև աչքեր, սև արցունք,
Սոսափյուն,
Խորթ սարսուռ
Ու եղյամ,
Եւ մթնում լուռ չվող կռունկներ մի երամ:
Պատասխան,
Երախտիք,
Երազանք,
Սև աչքեր՝ իմ հավերժ գիշերվա մեջ մերան:

«Գարուն» ամսագիր, 1989 թ., թիվ 4