ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (12 մարտ 2016թ.)
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունչորսերորդ
Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր
Անզգամ մարդիկ այսպես խորհեցին. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի: Երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից։ Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու... Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը։ Եվ ինչպես ամպի հետք, պիտի անցնի մեր կյանքը և պիտի ցրվի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածված ու քշված նրա տապից։ Արդարև, մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ Արդ, եկե՛ք վայելենք այն բարիքները, որ գոյություն ունեն, և ինչպես մանկության օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծված է։

 

Եկե՛ք հագենանք պես-պես գինիներով և անուշ յուղերով, և թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով... Եկե՛ք անիրավությամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբևայրուն, չխորշենք ծերի բազմամյա ալեհերությունից։ Թող մեր ուժը դառնա արդարության օրենքը, որովհետև տկարությունը որևէ բանի պիտանի չէ: Դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ է նա մեր հանդեպ և հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրենքների դեմ մեղանչելու համար, և պարսավում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։ Նախ խոստովանում է, թէ աստվածգիտություն ունի, և իր անձը Տիրոջ որդի է անվանում... Նա մեզ գարշանք է համարում և խորշում է մեր ճանապարհներից, ինչպես պղծությունից. երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ Տեսնենք արդյոք ճշմարի՞տ են նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ի՛նչ է լինելու նրա վախճանը։ Եթե, արդարև, Աստծու որդի է, ապա թող Աստված պաշտպանի և ազատի նրան հակառակորդների ձեռքից։ Թշնամանքով և ծեծով խոշտանգենք նրան, որպեսզի տեսնենք նրա հեզության չափը և խելամուտ լինենք նրա համբերատարությանը։ Խայտառակ մահվան դատապարտենք նրան. արդյոք Աստված օգնական կլինի՞ նրան»։ Այսպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։

 


(Գիրք Սողոմոնի իմաստության 2:1-22)
Հիսուս ասում է.
-Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն: Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև նա ի՞նչ փրկագին պիտի տա իր կյանքը հետ վերցնելու համար:
Արդարև, Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին, և այն ժամանակ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի:
(Մատթեոսի ավետարան 16:24-27)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան