Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը. նախագահ Սահակյանի շնորհավորական ուղերձը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

 

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
«Սիրելի երեխաներ, թանկագին ծնողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը, հետեւաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է:

 

Այդպես է նաեւ պետության պարագայում: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր ծրագրեր' ուղղված մատաղ սերնդի առողջության պահպանմանը, ուսման որակի բարձրացմանը, երեխաների հանգստի կազմակերպմանը, նրանց բազմակողմանի զարգացման ապահովմանը: Տարեցտարի ավելանում է նոր ու հարմարավետ, ժամանակակից պայմաններին համապատասխանող դպրոցների ու մանկապարտեզների, հիվանդանոցների եւ խաղահրապարակների թիվը: Այդ աշխատանքները կլինեն շարունակական' մեծապես նպաստելով Արցախի երեխաների խնդիրների լուծման, մեր ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործին:
Այս հրաշալի տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլոր փոքրիկ արցախցիներին եւ մաղթում նրանց խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Եղեք միշտ ուրախ ու երջանիկ, եւ թող ձեր ամեն մի քայլը պսակվի հաջողությամբ»:

 

Վրեժ Հովսեփյան