Հերթական լինի, թե' հոբելյանական...ապրիլ 24-ի տոնամերձ սգակիր օրը կանցնի ու անխուսափելիորեն վրա կհասնի մենքումենք-ի առավոտը ու էլի աշխարհի ու Կյանքի առաջ կմնանք վճռական մենակության մեջ:
Մենք այդպես էլ չհամախմբվեցինք մեր նորօրյա փառահեղ հաղթանակի շուրջ
ու զլացանք ամեն տարի մայիսի 8-ին /թող լինի 9-ին, հա՛/ նույնամասշտաբ մարդկային հոսանքով պաշարել գիտակցված ու ճշմարիտ հերոսների պանթեոնը' մեր Եռաբլուրը: Մենք ազգային աղոթատեղի շինեցինք Սովետների քաղաքական նպատակային կառույցներից մեկը' Ծիծեռնակաբերդը,
Եռաբլուրը հանձնելով սոսկ անմահ հերոսների որբացած ծնողների ու զավակների, լավագույն դեպքում' մերձավոր-զինակիցների հոգածու աչքին:
Այլ խոսքով, մենք կամովին որդեգրեցինք մեր հիրավի անչափելի ազգային սուգը, իսկ Հաղթանակը թողինք որբ ու անտեր:
Հրճվում ենք, երբ առաջադեմ աշխարհի հերթական պառլամենտը ճանաչում է Ցեղասպանությունը...մերսի ախպերներ, որ նախ մորթեցիք /համենայնդեպս, թույլ տվիք/, հիմա պաշտոնապես ձևակերպում եք ոճիրը: Մի տեսակ շատ եք հումանիստ ու արդարանիստ, միայն թե ամբողջ մի դար ուշացել եք փակել ձեր իսկ պարտքը, ու ոչ երբեք մեր ուղղությամբ Շնորհ-ի ժեստը:
Ասում եք, Ցեղասպանության ճանաչումը կանխարգելիչ է...
նույն Սովետը պաշտոնապես հիմնադրեց Ցեղասպանության տուն-թանգարանը և դեպի սրբազան Ծիծեռնակաբերդ թափորաերթի ավանդույթն էլ իր օրոք սկիզբ առավ, բայց նույն համակարգն էլ Սումգայիթի ու Բաքվի ցեղասպանական ջարդերը հրահրեց ու կոծկեց:
Պատմությունը խոսում խոսում է, լսող կարծես թե չկա...,
Վայ, թաղե՛մ Գորբաչովին սիրտ թեթևացնող խոսքն էլ' պատմական հաշիվ չփակող:
մենք չենք կարող շարունակ կախված մնալ աշխարհակալ ռեժիմների առանձին վերցրած անհատների քիմքից:
Մենք պետք է կառուցենք և ապա պաշտպանել կարողանանք սեփական' հայկական անխախտ սիստեմը' հիմնված միմիայն մեր կենսական ու ռազմական հաղթանակների ու ո'չերբեք դրսերի խախուտ ու խստորեն մոտիվացված Սրտակցության վրա:
Փույթ չէ /թեև լավ էլ հենց փույթ է/, որ ամբողջ Քսան տարի ուշացել-թերացել ենք...ուրեմն, դադարենք հրճվել ու հատկապես խոնարհվել Ցեղասպանությունը մեծահոգաբար ճանաչած պառլամենտները ներկայացնող երկրների առաջ և ունեցած-չունեցած ազգային համախումբ Ջանքն ուղղենք աշխարհի առաջ մեր Ողնաշարը ձիգ պահող Արցախյան փառավոր Հաղթանակը պաշտոնապես ճանաչել տալուն...
Ժամանակն է հենց մեր ներսում ճանաչել մեր համազգային մարտավարության ստերջությունն ու ազգային համախմբման կուրսորը Ողբերգականից շեղել դեպի Հաղթականը:
Սուսաննա Զորանյան