Տևական ժամանակ է արդեն, ինչ Ռուսաստանը Ադրբեջանին պարբերաբար զենք է վաճառում: Այդ մասին բարձրաձայնել ու իրենց մտահոգությունն էին հայտնել բազմաթիվ քաղաքական գործիչներ, ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական շերտի ներկայացուցիչներ, փորձագետներ ու քաղաքագետներ: Սակայն բարձրագույն իշխանությունը' հանձին Սերժ Սարգսյանի այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ երեկ, ըստ որում, բավական կոշտ շեշտադրումներով:


Նախագահ Սարգսյանն այդ առնչությամբ մասնավորապես նշել էր.


«Այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որովհետև տևական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր հակառակորդներ, թշնամիներ, և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»:


Այսպիսով, տեսնում ենք, որ երկու երկրների հարաբերություններում, միգուցե նաև տարածաշրջանային ուժերի դասավորություններում մի իրավիճակ է հասունացել, երբ Սերժ Սարգսյանը, կարծես, «պահանջում» է Ռուսաստանից վարել ռազմավարական գործընկերոջը հարիր քաղաքականություն:
Հատկապես երբ հաշվի ենք առնում վերջին շրջանում Ռուսաստանի կողմից արվող ԵՏՄ-ին առնչվող որոշ հայտարարություններ ու սեպարատ նախաձեռնություններ, ՀՀ նախագահի դիրքորոշումը դառնում է առավել հասկանալի:


Այսպես, մարտի 20-ին նախատեսվող Եռյակի ղեկավարների հանդիպմանը չի հրավիրվել Սերժ Սարգսյանը, ինչը տարօրինակ է: Հատկապես այդ առնչությամբ բերվող այն հիմնավորումը, թե ՀՀ-ն ԵՏՄ-ի տնտեսական գործընթացների վրա «չնչին ազդեցություն» ունի, առավել քան նվաստացուցիչ էր և կոշտ արձագանքի կարիք ուներ, որն էլ չուշացավ:


Օրեր առաջ ռուսական պաշտոնական շրջանակներից հնչել էր ևս մեկ հայտարարություն, կապված ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու հետ, որը անմիջականորեն առնչվում էր ՀՀ ինքնիշխանության ու արժանապատվության պահպանմանը: Սա ևս մի հիմնավոր պատճառ էր, որ Հայաստանը Ռուսաստանից պահանջեր լուծում տալ առկա և Հայաստանի համար կարևոր խնդիրների' հարգելով իր դաշնակցային բարոյականության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:

 

 

Էրիկ Մելիքյան