Հայաստանյան քաղաքական փոփոխական ամպամածություն ունեցող, սակայն ընդհանուր առմամբ հանդարտ երկնակամարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի նախագիծ նախապատրաստելու ու սկսելու վերաբերյալ, խոստովանեք, որ նման էր պարզկա երկնքում կայծակի ճայթյունի: Այն, որ նման գաղափար կարող էր ունենալ միայն Նիկոլը .... դժվար թե. այստեղ բացառիկության որևէ հարց չկա. ի վերջո նախագահի պաշտոնանկությունը ևս օրենքով նախատեսված է ու ամրագրված: Սակայն Նիկոլը եղավ առաջինը, ով ոչ միայն խոսեց այդ մասին, այլ զուտ տեսական այդ իրավանորմը հայտարարեց, որ պատրաստվում է վերածել ռեալ աշխատող օրգանիզմի ու "միս ու արյուն" հաղորդել: Ինչ խոսք, արդեն գաղափարն իսկ նման գործընթացի, որոշակի ինտրիգայնություն, էքսցենտրիզմ ու դրամատիզմ է պարունակում իր մեջ: Թեկուզ և այնքանով, որ չափավորական խաղաղ իշխանափոխության կողմնակից Գ. Ծառուկյանի ու մնացյալ իշխանափոխների, ոչ-իշխանականների կամ ընդդիմադիրների հաշիվներում ահագին խաղաքարտեր խառնում է, քանի որ անհրաժեշտ է գործընթացը սկսելու համար քառասունչորս պատգամավորական ստորագրություն, իսկ ոչ իշխանականների թիվը հաստատ դրանից ավելին է ու այստեղ հարց է առաջանում, ասենք ՕԵԿ-ն, ՀՅԴ-ն Նիկոլի հայրենի ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն իրենց ստորագրություններով որքանով են պատրաստ իրենց իսկ երազած իշխանափոխության այս պահին բավական հեշտ Նիկոլյան նախաձեռնությանը "քյոմակ անելու":
Սակայն եկեք մի պահ կտրվենք կուլուարային քաղաքական ինտրիգների մեջ խորանալու գայթակղությունից ու հարցին նայենք այլ տեսանկյունից:
ԵՏՄ պայմանագրին միանալու պայմանագիրը սահմանադրական ճանաչվելուց հետո այս պահին արդեն քանի օր է ԱԺ-ում է ու բուռն քննարկումների առարկա է' ընդհուպ մինչև ՀՀ նախագահին դավաճան անվանում տիկին Փոստանջյանի կողմից: Ու այդ մթնոլորտում ահա Նիկոլի ձեռնարկը: Մի քիչ կասկածելի է: Իսկ եթե այն ուղղակի այսպես ասած "Զառա-Նիկոլ" քաղաքական էքսցենտրիկ դուետի հերթական ներկայացնումն է արդեն հայտնի սցենարիստների կողմից գրված: Չէ որ նախագահի հասցեին թեկուղ ամենափոքր բացասական կամ քննադատական խոսքը հանրապետականների կողմից արժանանում էր "թուր ու թվանքի", իսկ Փոստանջյանի դեպքում բավարարվեցին նեղսրտումով ու քննարկումը "պորտից ներքև" որակումով: Մի քիչ մեղմ ու մի քիչ էլ երկիմաստ արձագանք չէ, որն ուղղակի կարող է մատնել նախապես ողջ գործընթացի կամ գործընթացների "թխված" լինելը:
Գուցե հերթական դավադրության տեսությունն է, որ քննարկում եմ ու ավելին չէ, քան վարկածը, սակայն որպես տեսակետ ու կարծիք, այն էլ մեր խառնակ ժամանկներում, երբ ամենամեծ դեֆիցիտը անկեղծությունն է, կյանքի իրավունք ունի, հատկապես էլ, որ անհիմն չէ ու ներկա իշխանություններին և արտաքին քաղաքական լուրջ դիվիդենդներ կարող է բերել ինչպես ռուսական այնպես էլ Արևմտյան հարթակներում և միաժամանակ "վիլկա" է անում ոչ-իշխանականներին ու ընդդիմադիրներին:
Գևորգ Գրիգորյան