Մի անգամ Երջանկության ճանապարհին ճակատագրի կամոք հանդիպեցին Երկինքն ու Երկիրը. սիրահարվեցին առաջին հայացքից, սիրեցին շա՜տ խորը:


Սիրու՜ն էր սերը, սիրու՜ն, ինչպես ամառային առավոտյան օվկիանի վրա ծագող արևը…


Խե՜նթ էր սերը, խե՜նթ, ինչպես երկրից երկինք բարձրացող գիժ քամին, որ մի ակնթարթում ցրում է երկնային ամպերի հեզ շուրջպարը…


Ուժե՜ղ էր սերը, ուժե՜ղ, ինչպես երկրային ամրակուռ լեռները ցնցող երկնային բամբ ամպրոպը…


Որոշեցին Երկինքն ու Երկիրը՝ միշտ միասին լինել, խոստացան իրար՝ ճանապարհն անցնել կողք-կողքի, ձեռք-ձեռքի բռնած, իրար պինդ գրկած…


Օրերից մեկ օր, պատահաբար էր, թե գիտակցաբար, իսկ գուցե նաև հարկադրաբար՝ բաց թողեց Երկիրը ձեռքը Երկնքի… Երկինքն առաջ անցավ… Երկիրը ձայն տվեց, խնդրեց, որ սպասի, հասավ Երկնքին, նորից գրկվեցին, շարժվեցին առաջ:


Այդ օրից հետո, ասես, ինչ-որ բան փոխվեց: Երկինքը հանկարծ ուզեց արագ ընթանալ, Երկիրը, խնդրեց, հորդորեց չշտապել, չէր կարող Երկիրն արագ ընթանալ…բայց Երկինքը…


Թեթև էր Երկինքը, Նա միայն ամպեր ու աստղեր ուներ, իսկ Երկիրը ծանր էր ավելի, նա օվկիանոսներ ու ծովեր, սարեր ու ձորեր, գետեր ու լճեր, ծառեր ու թփեր, մարդիկ ու կենդանիներ ուներ…Ծա՜նր էր Երկիրը, չէր հասցնում Երկնքի հետևից…


Ժամանակի ընթացքում նրանց միջև հեռավորությունն ավելի ու ավելի մեծ էր դառնում…կանչում էր Երկիրը, խնդրում էր սպասել՝ հանուն մեծ սիրո, վազում էր, հասնում, կրկին գրկվում էին, շարունակում ճամփան…


Չէ՜, մի բան, մի շատ լուրջ բան փոխվել էր հաստա′տ, այլ էր ամեն ինչ… Երկինքն ավելի անհամբեր էր դարձել, Երկիրն՝ ավելի հոգնած, բայց նրանք ՍԵՐ ունեին, աննման, անմար, բոլորից սիրուն, միշտ իրար ձգող…


Մի անգամ, Երկինքը շատ էր հեռվացել: Երկիրը կանչում էր, բղավում, գոռում, խնդրում էր կանգնել, բայց Նա չէր լսում… Երկիրը հավաքեց վերջին ուժերը, վազեց Երկնքի հետևից, բայց շուտով ուժասպառ եղավ, չհասավ… հեռու էր Երկինքը, շա՜տ էր հեռու… հոգնել էր Երկիրը… մի վերջին անգամ գոռռռաց Երկիրը: Լսեց Երկինքը, շրջվեց, նայեցին իրար…


Երկա՜ր նայեցին, հանկարծ հասկացան՝ սիրուն է իրենց ՍԵՐԸ ոչ թե միասին մեկմեկու գգված, այլ՝ իրարից շա՜տ հեռու, իրար նայելով՝ ցերեկ թե՜ գիշեր, ամառ թե՜ ձմեռ…


Ու այդ օրվանից որոշեցին հաստատ՝ չշարունակել ճամփան, կանգնել նույն դիրքում՝ իրար դեմ-դիմաց…


Իսկ հիմա դուք էլ հաստատեք մարդիկ՝ նայելով գետնից Երկնքին, բարձրից Երկրին… մի՞թե ՀՐԱ՜ՇՔ չէ ՍԵՐԸ նրանց:


‪#‎SIarak‬

 

 

Արմեն Պետրոսյան