Այն որ Իսլամական խալիֆայության կողմից վերահսկվող տարածքներում ապրող այլադավանների կյանքը և խաղաղ կենսագործունեությունը վտանգի տակ է, դրանում որևէ կասկած չկա: Շարիաթի օրենքների և սկզբունքների համաձայն հրեաներին, քրիստոնյաներին Զրադաշտականության հետևորդներին տրվում է հատուկ կարգավիճակ և որոշակի նախապայմաններ կատարելուց հետո, այդ կրոնների հետևորդները ստանում են թեկուզև բավականին ծանր պայմաններով, բայց ապրելու հնարավորություն, կամ էլ խալիֆայության տարածքը անարգելք թողնելու ընտրություն: Չնայած սպանվածների թիվը քիչ չէ, բայց այնուամենայնիվ զանգվածային սպանություններ չեն կարող լինել:

 


Իսկ ինչ վերաբերվում է եզդիներին, ապա տեսնում ենք թե ինչ դաժանագույն վերաբերմունք է դրսևորվում այդ կրոնի հետևորդների նկատմամբ, դեռ ավելին եթե նրանք չհասցնեն փախչել, կամ էլ ամերիկյան ավիակիրները ուշանան, նրանց անխուսափելիորեն սպասվում է գենոցիդ: Այստեղ հարց է առաջանում, ինչու վերոհիշյալ խմբերին տրվում է հատուկ կարգավիճակ, իսկ եզդիներին կրոնափոխ չլինելու դեպքում անխնա կերպով ոչնչացնում են :

 

Այս հարցի պատասխանը ստանալու համար հարկավոր է հայացք ուղղել դեպի հեռավոր 7-րդ դար: Բանն այն է, որ սկզբանական շրջանում Իսլամի գլխավոր և ոխերիմ հակառակորդները եղել են հեթանոսները, իսկ ավելի կոնկրետ արևապաշտները, որոնք անխնա կերպով ոչնչացվել են իսլամական բանակների կողմից, եթե իհարկե չեն համաձայնվել կրոնափոխ լինել: Իսկ եզդիները ինչպես գիտենք արևապաշտներ են և երևի թե բոլորս ենք ականատես եղել թե ինչ նախանձախնդրությամբ են նրանք վերաբերվում իրենց կրոնին և ավանդույթներին:

 


Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իսլամիստների մինչ այժմ իրականացրած քաղաքականությունը գլխավորապես հիմնված է եղել կրոնի համապատասխան պոստուլատների վրա, ապա եզդիները կանգնած են հումանիտար աղետի առջև:

 


Իսկ այս իրավիճակում եզդիներին օգնության ձեռք մեկնելու թերևս ամենամեծ պարտավորությունը դրված է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի վրա: Քանի որ եզդիները կռվել են Սարդարապատում, կռվել են Արցախում, իսկ հիմա մասնակցում են սահմանների պաշտպանությանը: Եվ ի վերջո թող ինձ ներեն բոլոր եզդիները, բայց սա շատ լավ առիթ է ՀՀ-ի խաթարված հեղինակությունը որոշակի չափով վերականգնելու համար:

 

 

Կարպիս Փաշոյան