Այժմ էլ գրեմ երկու հոմանիշ բառերի մասին, որոնք իմաստային նրբերանգներն ունեն՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ և ՄԱՐՄԱՋ:
Մեզանից շատերը իրենց խոսքում գործածում են ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ բառը թե' դրական, թե' բացասական իմաստներով:
Օրինակ՝
Երիտասարդը նոր բաներ սովորելու ցանկություն ուներ:
Նրա ցանկությունը աշխարհը նվաճելն էր:
Աշակերտը դասը պատասխանելու բուռն ցանկություն ուներ:
Իսկ այ ՄԱՐՄԱՋ բառը ոչ բոլորս ենք գործածում, բայց, ըստ իս,այն շատ իմաստալից ու գեղեցիկ բառ է, որ կարելի է գործածել խոսքը ավելի դիպուկ, արտահայտիչ դարձնելու համար: ՄԱՐՄԱՋ բառը գերազանցապես բացասական երանգ ունի և նշանակում է բուռն ցանկություն, մոլուցք: Օրինակ՝
Հարստանալու մարմաջը նրան զրկեց հոգու հարստությունից:
Գահին տիրանալու մարմաջը նրան հանգիստ չէր թողնում:
Որոշ մարդիկ տառապում են խոսելու մարմաջով:
Հ.Գ. Թող ձեր բոլոր նվիրական ցանկությունները իրականություն դառնան և երբեք չտառապեք սին ու փուչ մարմաջների պատճառով:
Արսեն Վարդանյան