Եթե նոր նշանակվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ի դեպ ՀՀԿ անդամ է և ոչ շարքային, սկզբունքայնորեն շարունակի ծառայել իր կուսակցության գաղափարներին ու տեսակետներին (ինչը չեմ բացառում), շարունակի Տիգրան Սարգսյանի որդեգրած գիծը՝ պայքարել օլիգարխների և միայն սեփական գրպանի մասին մտածող գործարարների դեմ, թույլ չտա որևէ մեկին՝ այդ թվում և իր խնամուն կամ նրանց, ովքեր շատ են ուզում, որ Հովիկ Աբրահամյանը դառնա վարչապետ, քիթը խոթել գործադիրի գործունեության մեջ, ԲՀԿ-ն և մյուս ուժերը պահանջելու՞ են Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, թե՞ մտածելու են, որ նա մեր առաջնորդի խնամին է, պետք չէ նրան հարվածել:

Հ.Գ. Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ վարչապետ էր և բավականին խաղի կանոններ փոխեց՝ բարձրացնելով կառավարման կուլտուրան, շփման մեթոդիկան և նոր պատկերացումներ տվեց պետական կառավարման համակարգին: Նոր վարչապետը գոնե այս տրադիցիաները պետք է պահպանի, քանզի աճող սերունդը 21-րդ դարի սերունդ է և պետք է ապրի 21-րդ դարի խաղի կանոններով:
Տիգրան Սարգսյանին ուղղվող քննադատություններից շատերի իրական հասցեատերերը նրա կառավարության նախարարներ և տարբեր ռանգի չինովնիկներ էին, ովքեր մինչև վերջ էլ համարձակություն չունեցան իրենց վրա վերցնել իրենց բաժին պատասխանատվությունը, իսկ Տիգրան Սարգսյանը բարոյականություն ունեցավ և մինչև վերջ էլ իր ենթակաների բաժին պատասխանատվությունն իր վրա վերցրեց և հեռացավ: Շատ կարևոր է, որ սա դաս լինի նոր վարչապետի համար ճիշտ մարդկանցով կազմել նոր կաբինետը և ստիպել յուրաքանչյուրին կրել իր բաժին պատասխանատվությունը:

 

 

Մենուա Հարությունյան