Փոքր ժամանակ ինձ միշտ պատմել են, որ մենք քոչվոր ցեղերի անվերջ արշավանքների զոհն ենք եղել, ու ես ակամայից ատում էի բոլոր քոչվոր ցեղերը: Հետո երբ մեծացա սկսեցի հետաքրքրվել թե ինչու Սովետական Народы Мира գրքում աշխարհի համարյա բոլոր պետությունների մշտական բնակչության ցուցակներում հայերը կան, նույնիսկ Աֆրիկյան երկրներում 15-20000 հայ անպայման նշված էր որպես մշտական բնակիչ:

 

Մայրս բացատրեց «Նահապետ» ֆիլմի խնձորի ծառից թափվող ու գետի միջոցով տարբեր ափեր քշվող խնձորների օրինակով, և ես իհարկե ատեցի թուրքերին ևս մի անգամ, մեզ իրենց պես քոչվոր սարքելու համար...Հետո ավելի մեծացա ու մեկ էլ հոպլա' մեր երազած անկախությունը: Վե՜րջ հիմա Նահապետի ծառի խնձորները ոչ միայն ջուրը չի տանի, այլ էն տարածի սերմերից էլ հետ կբերի ու մեր այգին կծաղկի, ու մեկը հազար կդառնա, հազարը միլիոն, բա ո՞նց:

 

Աշխարհասփյուռ հայությունը վերջապես տուն ունի, ու ր կարող է վերադառնալ ու էլ այլևս չդասվել քոչվոր գաղթականների շարքին:Բայց մի րոպե, էդքանը որ գան բա որտե՞ղ են տեղավորվելու: Պետք է մեզնից զավթածները հետ բերենք, որ մերոնք գան տեղ լինի: Փառք աստծո, բա ասում եք արդարություն չկա... Բերեցինք, բոլորը չէ, բայց մի լավ թիքա բերեցինք: Եկեք ձեզ մատաղ, հիմա հանգիստ եկեք...Հենց գաք հավաքվենք իրար գլխի, էլի կբերենք, դժվար չի, տեսա՞ք, ոնց մեկին տասը մեզանից շատին չոքացրեցինք ու մերը հետ առանք, դուք մենակ եկեք ձեզ մատաղ...

 

Սպասեք, էս ու՞ր եք գնում: Ու՞ր... Չէ, չէ, սպասեք, ո՞նց թե ժամանակավոր, 800 տարի սպասել ենք էս օրվան եթե ոչ ավել, էս ու՞ր: Հե'յ, սպասե'ք ասում եմ, էս տունդ, հորդ գերեզմանը, ախպորդ շիրիմը եռաբլուրում էս ու՞մ ես թողնում... Ուրա՞ էն կինոն, սպասի, չէ Նահապետը չէ, ի՞նչ Նահապետ այ մարդ, Նահապետը բնիկ, տեղացի մի ազգի մասինա, էն մյուսը էն պառակտված ախպերն ախպոր դեմ դուրս եկած, էն որ ասումա «գաղթականի հոգի ունե'ք...» Այ էդ մեկը: Նայե'ք, սպասե'ք, այ ժողովուրդ բա էս ու՞մ համար էինք կռվում, ազատագրում, էն քոչվորների՞, ես ձեր քոչվոր հերն անիծեմ, հիմա ես ինքս ինձ ո՞նց ատեմ, ինքս ինձ քցել եմ գետը ու սպաաում թե ինձ որ մի անտեր ափը կհանի, սպասե՜ք... Ե՜ս ձեր քոչվոր... Էս խաղողի այգիները ինչի՞ չորացան այ մարդ, էս ծիրանները ինչի՞ եք կտրել անաստվածներ, էս անտա՞ռն ինչ եղավ, ստեղ անտառ չէ՞ր... Ա՜խ... Աշխարհում էլ քոչվոր ցեղեր չեն մնացել, մի ցեղ է մնացել, միայն մի ցեղ, ուր չկա գեթ մի ընտանիք, որի բոլոր անդամները ապրեն մի երկրում...

 

Կարող ե՞ք ասել դա որ ցեղն է, աշխարհի ամենաքոչվոր, գաղթական ցեղը, որ ոչ թե գետն է քշել այլ ինքն է գետ դառած աշխարհով մեկ գնում ուրիշի հողերը ջրում իսկ իրենը անտեր ու անջուր թողնում, որ չորանա կասե՞ք: Ասում են գետի ակունքի կողքերը միշտ չոր ու ցամաք լեռներ են լինում ու քարեր ուրիշ ոչ մի բան... Ա՜խ, ցավում է, մի ասեք, թողեք մեռնեմ, չլսեմ անունը էդ ցեղի' ես ձեր գաղթական հերն եմ անիծել...