.— Մյուս ամսի տասնութին չորս մեծ պետությունների՝ Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Գլուխները Ժնևում պիտի հավաքվեն՝ մտածելու աշխարհի խաղաղության համար։

----------
Օրակարգի առաջին կետը զինաթափությունը պիտի լինի կարծեմ։ Պետք է զինաթափվել, որ չկռվեն իրար հետ։
Բայց մի՞թե կռվի պատճառը զենք ունենալն է։
Աբելի ժամանակ զենք գոյություն չուներ թեև, բայց այնուամենայնիվ Կայենը կարողացավ գետնից մի սուր քար վերցնել և իր եղբորը խողխողել: Ժնևը, ուրեմն, պիտի որոշի ամբողջ քարերը հավաքե՞լ երկրի երեսից. Շվեյցարիան, որ բացառապես լեռնային երկիր է, պիտի վերանա ուրեմն աշխարհի երեսից, եղա՞վ։
Ո՛չ, հարգելի «գլուխներ» չորս մեծ պետությունների, եթե դուք այդ կարծիքն ունեք աշխարհի խաղաղության մասին, ավելի լավ է տուն դառնաք և խորհրդաժողով ուղարկեք ձեր «պոչերին»։
«Պոչը» ինչքան էլ սխալ դատի, այնուամենայնիվ կվճռի կռվի պատճառը վերացնել խաղաղ ապրելու համար, թե չէ՝ ի՞նչ։
Լեռ Կամսար, 1955թ.