Այսօր ես 100 դրամով խցկվեցի 30 համարի երթուղային, բայց միայն ես: Մյուսները համակերպված վճարեցին 150: Հեռախոսահամարս փոխանցեցի երթուղայինի վարորդին և ասացի՝ եթե գծատերը դժգոհություններ ունենա, թող զանգահարի: Վարորդը չէր ցանկանում առհասարակ վերցնել գումարը, քանի որ ինձնից «նեղացավ»: «Պետք չի, ոչ մի բան էլ մի վճարի, բայց լավ չես անում, որ ինձնից ես հանում էդ գումարը, ես ի՞նչ անեմ, իմ պլանն արդեն 5000 դրամով բարձրացրել են, գնա գծատիրոջ երեսին թքի»: Բացատրեցի, որ գծատերը կամ քաղաքապետարանն իրավունք չունեին տրանսպորտի գինը բարձրացնելու որոշում կայացնելու, քանի որ այդ իրավունքը պատկանում է ավագանուն:

Հասա խմբագրություն ու հեռախոսս զանգեց. 30 համարի երթուղայինի կարգավարն էր: Զանգահարել էր ասելու, որ ես կիսատ եմ վճարել երթուղայինի ուղեվարձը: Հարցրեցի, թե ինչն է փոխվել իմ երթևեկության պայմանների մեջ, ինչի հաշվին պիտի ավել վճարեմ, բացատրեց, որ ամեն ինչի գինն է բարձրացել, որ «վարորդն էլ է մարդ, որ նա էլ է ցանկանում խանութից մեկ –մեկ մածուն գնել»:

Ցանկանում է գնել, թող ինքն էլ ինձ պես իր բողոքն արտահայտի, հարգելի կարգավար, բա ուզում եք մենք առհասարակ մածուն չուտե՞նք:

Հետո կարգավարն ինձ ասաց, որ վարորդի պլանը բարձրացել է, որ վարորդին այդ ավելացված գումարից ընդամենը 5 % օգուտ լինում. հիշեցրեցի, որ երկու օր առաջ քաղաքապետարանում տրանսպորտի գինը թանկացնողները լրագրողներին հավատացնում էին, որ գծատեր ու պլան հասկացություններ գոյություն չունեն, որ վարորդները ստաբիլ աշխատավարձեր են ստանում: Մի բան էլ ես առաջարկեմ. եկեք միայն վարորդների մասին մտածենք ու տրանսպորտի գինը դարձնենք 5000 դրամ, որ նրանց 5 %-ը ավելի շատ լինի:

Հ.Գ. Եթե ես իմանայի, որ իմ ավել վճարած գումարը կմտնի 40 աստիճան ջերմաստիճանի պայմաններում աշխատող վարորդի գրպանը, ապա կվճարեի ավել, բայց կարծում եմ՝ տրանսպորտի գինը թանկացնողների գրպաններում այլևս տեղ չկա:

Արաքս Մամուլյան