Ազգային գաղափարախոսությունը գաղափարների, հիմնադրույթների, գործոնների համակարգ է, որի նպատակը ժողովրդի ինքնապահպանումն է, ազատ, անկախ զարգացումը, բարեկեցիկ կյանքի ապահովումը:
Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է' ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և ազգային կրոնի հիմնադրույթներից: Այդ գաղափարները այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջ համակարգը: Միաժամանակ, բնականաբար, ազգային գաղափարախոսության համակարգում յուրաքանչյուր ժողովուրդ' պայմանավորված իր պատմական զարգացման առանձնահատկություններով, ունի նաև իր յուրահատուկ հիմնախնդիրները:
Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ռազմավարական և մարտավարական ծրագրերից:
Ռազմավարական ծրագիրը բաղկացած է' ազգի ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և ազգային կրոնի հիմնադրույթներից: Այդ ծրագրում անհրաժեշտաբար իրենց պատշաճ տեղն են գրավում նաև յուրաքանչյուր ազգի առանձնահատուկ հիմնախնդիրները:
Սակայն ազգային գաղափարախոսության հաղթանակի համար բավական չէ միայն ռազմավարական ճիշտ ծրագրի մշակումը: Հաջողության համար անհրաժեշտ է նաև բոլոր անհրաժեշտ գործոնները հաշվի առնող մանրակրկիտ մշակված մարտավարական ծրագիր: Մարտավարական ծրագիրը ժողովրդի պատմության տարբեր փուլերում, տարբեր պատմական պայմաններում ռազմավարական ծրագրի հիմնախնդիրների լուծման ուղիների համակարգն է: Եթե մարտավարական ծրագիրը չի ելնում պատմական իրականության բոլոր անհրաժեշտ գործոնների վերլուծությունից, նրա մեխանիզմը չի գործում: Հետևաբար, մարտավարական ծրագրի տապալմամբ չի իրականանում նաև ռազմավարական ծրագիրը: Ռազմավարական ծրագիրը կյանքի է կոչվում երկար, իսկ մարտավարական ծրագիրը' ավելի կարճ ժամանակահատվածի համար:
Ազգային գաղափարախոսությունը' ռազմավարական և մարտավարական ծրագրերով, անվանվում է նաև Ազգային ծրագիր, իսկ որոշ երկրներում' Ազգային անվտանգության հայեցակարգ:
Ազգային գաղափարախոսության առանցքը ազգի գոյապահպանումն է, ազգի գաղափարը: Ազգապահպանումը գերխնդիր է:
Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական կատեգորիա: Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ.
ԼԵԶՈՒ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՈԳԵԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔ
ՆԿԱՐԱԳԻՐ
զգացում'
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՈԳԻ
ԿՐՈՆ
ՃԱՇԱԿ
ԿԵՆՑԱՂ
ԷԹՆԻԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ
ԸՆՏԱՆԻՔ...
Դարերի ընթացքում ճակատագրի ընդհանրությամբ հիշյալ ազգային գործոնների հիման վրա ձևավորվում է յուրաքանչյուր ազգի ազգային ինքնությունը, ազգային դիմագիծը և ազգային անհատականությունը: Թվարկված գործոնները մտնում են ազգի գաղափարի մեջ և հանդիսանում ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ տարրեր: