ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին:

Գեներալ Արզումանյանն արդեն 1.4 տարի է կալանքի մեջ է, որովհետև «մեղավոր» է 44-օրյա պատերազմի վերջին 11 օրը ՊԲ-ի հրամանատարությունը ստանձնելու համար:
Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու' համապատասխան ցուցմունքներ չտալու համար:

Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար:

Պատերազմի օրերին շատերն են տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սխալվել, բացթողումներ ունեցել, ինչից տեսականորեն, միգուցե, չէր կարող խուսափել նաև Արզումանյանը, սակայն իշխանության քաղաքական թիրախավորումը և ընտրովի արդարադատությունը ցույց են տալիս, որ գեներալն առաջին հերթին նստած է, որովհետև նրան իշխանությունը նախապես պատերազմի մեղավոր է նշանակել:

Դատա-իրավական համակարգը, տարատեսակ քննիչ հանձնաժողովներն ու քաղաքական իշխանությունը հարցի տեխնիկական, քաղաքական, և քարոզչական փաթեթավորումն են ապահովում, որի նպատակը պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելն է:

Սրանց խնդիրը' պատերազմի հանգամանքներ բացահայտելը չէ, սրանք ամեն ինչ անում են ժողովրդի դեմ իրականացրած թշնամական գործողությունները պարտակելու և պատասխանատվությունից փախչելու համար»: