ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ:

Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության ապահովման նկատմամբ վստահություն հայտնող ամերիկացի դիվանագետն, օրինակ' իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:

Ադրբեջանը որպես պետություն իր բնույթով, մարդկության դեմ գործած հանցագործություններով չի զիջում ահաբեկչական միավորումներին և ըստ այդմ, դեսպանի' արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և´ բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին' որպես միջնորդի»: