Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ դրույթը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։ Արդյոք այս թեմայով բանակցություններ իրականացվում են, կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղով է նախատեսված նոր երթուղին։ Ադրբեջանի հավակնություններն իմանալով, մյուս կողմից, արցախցիների մտահոգությունները հաշվի առնելով՝ մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է Քաշաթաղի շրջանի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր, Եղցահող ու մյուս երկու գյուղերը։ Կարո՞ղ եք արդյոք հստակ երաշխավորել, որ չի հաստատվի Հայաստանն Արցախին կապող այնպիսի երթուղի, որի պայմաններում թվարկածս գյուղերը ավտոմատ կերպով կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թեկուզ անկլավի կարգավիճակով»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գիտեմ, որ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Եվ նաև մեր մասնագետներն իքս պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն։ Ինչպես դուք նշեցիք՝ այնտեղ նշված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ։ Բնականաբար, այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում»։
Տիգրան Աբրահամյանը շարունակեց հարցադրումը․ «Արդյոք ձեզ համար սկզբունքային կամ առաջնայի՞ն է, որպեսզի չլինի մի այնպիսի երթուղի, որի արդյունքում թվարկածս գյուղերը որևէ պայմաններում որևէ կարգավիճակով չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտահոգություններ կարող են լինել, դրանք պետք է բարձրաձայնվեն, բայց պարզ է, որ Արցախի ու ՀՀ իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի այդ սցենարները տեղի չունենան։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի գյուղերին, բնականաբար, առաջնահերթ խնդիր է դա, որը պետք է լուծվի։ Ես չհասցրեցի ֆիքսել բոլոր գյուղերի անունները, ճիշտ կլինի նման քննարկումներն ունենալ թուղթ ու գրիչով, քարտեզների վրա, որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի»,- հավելեց նա։