Արցախում ծավալված ռազմական գործողություններից հետո տարբեր հարցադրումներով հրապարակային դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«Առաջին խնդիրը վերաբերվում էր նախկին Ղուբաթլու (Սանասար) և Զանգելան (Կովսական) շրջանների այն հատվածներին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են հայկական վերահսկողության ներքո և Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերին ու Դիզափայտ լեռանը, որոնք ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից, «բանավոր փոխըմբռնման» արդյունքում եռակողմ հայտարարությունից հետո, հանձնվել են Ադրբեջանին։
Ես կարծում եմ, որ սա Ազգային անվտանգության ծառայության իրավասությունների խնդիր է և ԱԱԾ-ն պարտավոր է նման դեպքերում արձագանքել (խոսքս միայն հրապարակային արձագանքին չէ վերաբերվում)։
Փաստացի հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում։
Երկրորդ հարցադրումս վերաբերվում էր Արցախի նախագահի այն հայտարարությանը, թե պատերազմի օրերին, ՀՀ ԱԱԾ «էլիտար ստորաբաժանումը» հրաժարվել է գնալ «Եղնիկներ» և երկրի նախագահին թողել են մենակ։ Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը և Հայաստանի Հանրապետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ֆունկցիոնալ կարողությունները կասկածի տակ դնում, ապա այստեղ ևս ԱԱԾ-ի արձագանքի խնդիր եմ տեսնում, որն ի դեպ, այդպես էլ չեղավ։ Վտանգավոր հայտարարություն հնչեց, որն առ այս պահը ոչ հերքվել է, ոչ էլ գոնե սրբագրվել։
Երրորդ հարցադրումս վերաբերվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պատերազմի օրերի պաշտոնանկությանը, որովհետև կարծում եմ, որ այն հանրության շրջանում տարբեր խոսակցությունների և մտահոգությունների տեղիք է տվել և պետք է պարզաբանվի։
Պետք է պարզաբանվի նաև այն պատճառով, որովհետև այս իշխանության ներկայացուցիչներն էին ժամանակին անընդհատ ընդգծում, որ ցանկացած պաշտոնանկություն պետք է պարզաբանվի և հասարակությունը պետք է իմանա պաշտոնից ազատվելու պատճառները։
Հիմա, ինչու եմ այս ամենը հիշեցնում։ Ուրեմն, նախօրեին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչներից մեկից զանգ եմ ստանում, ով նշում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող գործերից մեկով մի քանի հարց ունի և հարգալից խնդրում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում, ինձ հարմար ժամի, պայմանավորվել ու ներկայանալ։
Այսօր փաստաբանիս հետ այցելել եմ ԱԱԾ՝ մեծ հույսով, որ հրապարակային դիմումներիս հետ կապված են հրավիրել։
Այն էլ պարզվում է, որ Արգիշտի Քյարամյանի հետ կապված ինչ որ գործ է քննվում, իսկ ես մի քանի շաբաթ առաջ, մամուլի ասուլիսում հպանցիկ անդրադարձ էի կատարել այդ հարցերին։
Մասնավորապես, խոսքի մեջ ասել էի, որ Քյարամյանն իր պաշտոնակությունից հետո գտնվել է Արցախում, նախկին և ներկա պաշտոնյաների հետ տարբեր վայրերում հանդիպել, ուղեկցել և այլն ու ընդգծել, որ առ այս պահը հայտնի չէ, թե ինչու նա պատերազմի թեժ պահին պաշտոնանկ արվեց և անհրաժեշտ համարել, որպեսզի իշխանությունը ի վերջո դա պարզաբանի։
Պարզվում է, որ իրավապահ մարմիններին արածս հարցադրումներից որևէ մեկը չէր հետաքրքրել, այսինքն՝ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության թեման, այսպես կոչված, Էլիտար ստորաբաժանման հրաման չկատարելը և մեր երկրին սպառնացող մյուս վտանգների թեման, միայն հետաքրքրում էր, թե ում եմ նկատի ունեցել նախկին, ներկա պաշտոնյաներ ասելով կամ արդյո՞ք Արցախում հանդիպել եմ Քյարամյանին։
Չէ, բայց հասկանում ե՞ք մեր երկրի իրական վիճակը։
Վարչապետը նույնիսկ Շուշիի հայկական լինելն է արդեն կասկածի տակ դնում, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ ու ռազմագերիներ, կարճ ասած ազգային ողբերգություն, բայց ԱԱԾ-ն ու մնացած իրավապահ մարմինները զբաղված են լրիվ այլ հարցերով, որակում չեմ տալիս, յուրաքանչյուրդ ինքներդ գնահատեք թե ինչով»։