ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձրաձայնել են միության շրջանակներում էներգակիրների գնի ձևավորման շուրջ տարաձայնությունները:
Պաշտոնական Երևանը շեշտել է, որ միության միջև 2025թ.-ի զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին առաջարկել է հարցը հանել ռազմավարությունից, որն այսօր ԵԱՏՄ-ում ընդունվելիք հիմնական փաստաթուղթն է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է. «Ինչպես նախկինում նշել եմ, էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»:
Փաշինյանը հավելել է, որ մինչև 2025թ.-ի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ընդգծել է, որ միության անդամ երկու երկիր` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնագոյացման եվրասիական բանաձևը: Պուտինը համարում է, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր դեռ չկա: Ըստ նրա, նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում: «Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինն առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում»,- նշել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնի ձևավորման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձևը. «Նախագիծը հիմնականում համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին, կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը:
Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի է որոշել ավելի ուշ` «ԵվրԱզեսի» գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուրջ բանակցություններում: Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները»: Պուտինը հավելել է, որ եթե Մինսկն ու Երևանը կարողանային համաձայնել այս բանաձևի հետ, ապա ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ չէին մնա: Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է. «Եթե Հայաստանն ու Բելառուսը չփոխեն գազի սակագների ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը, ապա տրամաբանական կլինի բացառել այդ կետը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծից»:
Այսպիսով, թերևս առաջին անգամ ԵԱՏՄ անդամների միջև արձանագրվում է հրապարակային անհամաձայնություն, բանավեճ, որի կիզակետում հայտնվել է Հայաստանը։ Բելառուսի պարագան միանգամայն այլ է, այդ երկիրը պարբերաբար Ռուսաստանի հետ հարաբերություններում հայտնվում է նման իրավիճակներում, որոնցից կարողանում է շահած դուրս գալ երկկողմ հարաբերությունների տիրույթում։ Խնդիրն իրականում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերության մեջ է և գազի գինն այս հարցում ընդամենը պատրվակ է, խնդրի արմատներն ու պատճառները շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Մերժելով գազի միասնական սակագին սահմանելու Հայաստանի առաջարկը Ռուսաստանը հերթական անգամ ցույց է տալիս իր վերաբերմունքը 2018 թվականից հետո Հայաստանում հաստատված նոր իրականության, Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ։
Ռուսական քաղաքական էլիտան այդպես էլ չի կարողանում համակերպվել, որ հետխորհրդային երկրներից մեկում կարող է ձևավորվել ոչ իրեն ենթակա, խամաճիկային իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել իր երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։ Խնդիրն իրականում այս հարթությունում է և այդպիսին լինելով՝ զգալիորեն առնչվում է Հայաստանի անկախությանն ու ինքիշխանությանը։ Ոչ բավարար ինտեգրացիայի մասին Պուտինի հայտարարության տողատակը ևս դա է՝ ցանկանում եք գազի միասնական գներ, զիջեք ձեր ինքիշխանությունը, մաս կազմեք միասնական պետության և կսատնաք էժան գազ։ Այսինքն՝ Ռուսաստանն անուղղակիորեն Հայաստանին առաջարկում է գործարք՝ «ինքիշխանություն՝ էժան գազի դիմաց» պայմանական բանաձևով։ Բնականաբար, դա մեզ համար միարժեքորեն դատապարտելի ու մերժելի մոտեցում է։
Սակայն այս հարցում սոսկ Ռուսաստանին ուղղված քննադատությունը իրավիճակը չի կարող փոխել։ Տեղի ունեցածը մեզ համար պետք է ազդակ դառնա վերջապես սթափվելու ու հասկանալու համար, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն չեն, ինչպես ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, որ այդ հարաբերություններում կան ճգնաժամին բնորոշ տարրեր, որոնք օր առաջ պետք է հաղթահարել։ Պետք է հաղթահարել համալիր, համակողմանի աշխատանքի միջոցով, աշխատանք, որը պետք է ընգրկի ինչպես գործադիր իշխանության մարմինները, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտությունը, փորձագիտական, լրագրողական հանրությունները։
Հայ–ռուսական հարաբերություններում առաջացել է անհասկացվածության պատ, որը գնալով ավելի հաստ է դառնում։ Մենք պետք է կանխենք այդ գործընթացը, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների այս որակը չի բխում մեր ազգային անվտանգության շահերից։
Ստեղծված իրավիճակում, անշուշտ առաջին հերթին պատասխանատվության իրենց բաժինն ունեն արտաքին քաղաքականության պատասխանատուները, դիվանագիտական ողջ կորպուսը, որը չի կարողացել անցած երկու տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համակողմանի աշխատանքի միջոցով այդ երկրի էլիտաներին հասկանալի դարձնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բովանդակությունն ու իմաստը։ Հայ–ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը ածանցվում է այն իրողությունից, որ հեղափոխությունն այդպես էլ չի տարածվել արտաքին քաղաքականության վրա, որը շարունակում է գործել նախկինից եկող իներցիայով ու կաղապարներով։ Մյուս կողմից սակայն, սխալ է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրն ամբողջությամբ բարդել միայն դիվանագիտության վրա։ Այն բոլորիս խնդիրն է, այն վերաբերում է հանրային կառավարման համակարգի բոլոր սեգեմենտներին՝ իշխանությունից մինչև ընդդիմություն ու քաղաքացիական հասարակություն։
Ահա այս բոլոր ուղղություններով մենք պետք է ակտիվացնենք աշխատանքը մեր ռուս գործընկերների հետ՝ հասնելով հայ–ռուսական հարաբերությունների իրական վերաբեռնման ու նոր որակի, արժանապատիվ հարաբերությունների հաստատման։ Զուգահեռաբար մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև այլ ուղղություններով ակտիվ աշխատանքի, որը կհակակշռի, կհավասարակշռի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։
Մինչև այդ աշխատանքը չկատարվի, մենք շարունակելու ենք Ռուսաստանից լսել մեզ համար ոչ հաճելի հայտարարություններ, որոնք Հայաստանում հինգերորդ շարասյան կարգավիճակում գործող ուժերն ու անհատները օգագործելու են իշխանությանն ու պետությանը հարվածելու, թուլացնելու համար։
Մենք պետք է կարողնանանք հայ–ռուսական հարաբերությունները ձերբազատել այդ՝ հինգերորդ շարասյան տրամաբանությունից և վերջապես Ռուսաստանի քաղաքական էլիտային հասկանալի դարձնելու այն անշրջելի իրողությունը, որ այսօր Հայաստանում գործում է ժողովրդին ներկայացնող իշխանություն, որի հետ պետք է աշխատեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանությունները։
Ինչ վերաբերում է գազի գնին, ապա Հայաստանի համար այն կդառնա մատչելի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը կդադարի գազի սակագինը օգտագործել որպես Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ պարտադրելու կամ ինչ–ինչ գործարքներ կնքելու միջոց։
Ակնհայտ է միայն, որ որևէ պարագայում գազի որևէ սակագին չի կարող լինել մեր անկախության ու ինքիշխանության հաշվին։ Դա պետք է հստակորեն գիտակցեն նաև Ռուսաստանի իշխանությունները։ Որքան շուտ՝ այնքան լավ հայ–ռուսական հարաբերությունների համար։