Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Ն․ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական ամբիոնից իր կողմից ժողովրդին տված խոստման իրագործումն է։

Միաժամանակ Ն․ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդի լեգետիմ իրավունքն է՝ որոշելու, որ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը վատ որոշում է։
     Բացի այդ, վարչապետն արձանագրել է, որ ժողովրուրդը կարող է ցանկացած պահի անի նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի էն հին-բարի ժամանակների պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում և լափում են պետական համակարգը, ովքեր փայ են մտնում բիզնեսներում, ում համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ թվով գումար է, թե ինչքան փող մտավ իրենց գրպանը, իրենց եղբայրների, աներների, զոքանչների և մնացածների գրպանը՝ նշելով, թե սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք։

Ինձ համար իսկապես տարակուսելի է, որ Ն․ Փաշինյանի ընկալմամբ իր իշխանության այլընտրանքը կարող է լինեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը։
     Այսպիսի սցենար որևէ պարագայում չի կարող լինել, և շատ սխալ է, որ իշխանությունը փորձում է նախկինների վերադարձի հեռանկարով արգելակել քաղաքական քարտեզի նորոգումն ու որակապես նոր քաղաքական համակարգի ձևավորումը։

Ժողովրդին որևէ պարագայում չի կարելի պահել այսպիսի «Սարսափի» մեջ։
     Ճիշտ հակառակը՝ ժողովուրդը ոչ միայն թույլ չի տա, այլև անհրաժեշտության դեպքում իսկապես նոր հեղափոխություն կանի՝ այս անգամ իրապե՛ս կիրառելով պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը և իրապե՛ս պատժելով բոլոր նրանց, ովքեր լափել են պետական համակարգը։

Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանն ու պարգևավճարների տրամադրմանը, ապա պետք չէ դրանք նույնականացնել։

Աշխատավարձի բարձրացումն այլ հարց է, պարգևավճարը՝ այլ։

Պարո՛ն վարչապետ, ուղղակի ապշում եմ, որ մինչ օրս Ձեր ենթականերից որևէ մեկը Ձեզ չի զեկուցել, որ ժողովուրդը, այո՛, շատ վա՛տ ու բացասաբար է ընդունել պարգևավճարների այս տեղատարափը։

Եթե անգամ Դուք ռազմավարական հարթության մակարդակում ճիշտ քայլ եք արել, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ձեզ չի հաջողվել այն այնպես ներկայացնել, որ հանրության համար ընդունելի լիներ։

Հասարակությայն համար երբևէ չի կարող հասկանալի և ընդունելի լինել մի բան, երբ պետական պաշտոնյան կարող է չաշխատել, արդյունք ցույց չտալ, բայց ամեն ամիս ստանալ աստղաբաշխական պարգևավճար։

Եթե այս տարրական տեղեկատվությունը Ձեզ չի ներկայացվում և Դուք այն չեք տիրապետում և դրա վերաբերյալ համապատասխան հետևություններ չեք անում, ուրեմն Դուք իսկապես մոլորության մեջ եք․․․»։