Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Մենք սպասում ենք քեզ... Երևի տեղյակ եք՝ կորոնավիրուսը Հայաստանում է: Այդ մահաբեր հիվանդության բացիլները մեր երկիր ներմուծեցին պողոսների վարչապետն ու նրա ոչնչի ունակ խմբակը փնթի և անպատասխանատու կառավարչական գործունեության ուղիղ հետևանքով: Նաև պետք է որ տեղյակ լինեք՝ ոչնչի ունակների կողմից Ծաղկաձորը Չեռնոբիլի վերածելուց հետո տուրիստական ու հյուրանոցային բիզնեսը լրջագույն վնասներ է կրում, իսկ մի շարք տնտեսվարողներ բառիս բուն իմաստով սնանկացման եզրին են կանգնած:

Սերժ Թանկյան ջան, հավատացեք՝ հիմա Ձեզանից շատ բան է կախված: Տուրիստական և հյուրանոցային բիզնեսի փրկության, ուստի նաև պետական եկամուտների անխափան ապահովման, հետևաբար նաև քայլածների հավելավճարների և պարգևավճարների հարցը լուծելու համար Դուք ուղղակի պարտավոր եք իրականացնել վաղուց տրված խոստումը: Առանց չափազանցության պողոսների վարչապետի տնտեսական հեղափոխության տապալումը հիմա կախված է Ձեզանից: Սրտատրոփ սպասում ենք Ձեր քայլին. եկեք Հայաստան ու իրականացրեք պողոսների վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ Ձեր անձնական օրինակով ցույց տալով աշխարհին, որ վտանգավոր ոչինչ չկա, և տուրիստները կարող են իրենց հանգիստը վայելել հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերների կողմից փայլուն կառավարվող Հայաստանում: