«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն, անդրադառնալով մետրոյի Հանրապետության կայարանի մոտ երեկ ցուցադրված «Հուզանք ու զանգ» աղմկահարույց ներկայացմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բազմաթիվ բաներ կան, որոնք չեմ հասկանում: Օրինակ հենց վերջին պերֆորմանսը, չեմ հասկացել ոչ միայն թե ինչ էր դա, այլ նաև՝ թե ինչու: Բայց շատ բնական եմ համարում, որ դա հասկացել են շատ այլ մարդիկ, բազմազանությունը նաև դա է:

Ուզում եմ ասել, որ ամեն չհասկացած բան սատանայապաշտություն անվանելը, մեղմ ասած, ճիշտ չի, խավարամտության հոտ է գալիս: Եղել են նման ժամանակներ, ու հույս կար՝ վաղուց են անցել: Իսկ համարել, որ հասկացել ես ու հասկացել ես որպես սատանայապաշտություն, դա արդեն օբյեկտիվ խավարամտությունից բխող սուբյեկտիվ գոռոզամտություն է, կարծիքովս:

Առավել ևս, որ սատանայապաշտության թեման ինքնին արհեստական է, առավել ևս Հայաստանում: Համարյա նույնքան ակտուալ է, որքան Հայաստանի ֆորմալ իսլամացումը: Թե ինչու՝ այլ խոսակցություն է, բայց դե՝ էդպես է:

Պատկերացրեք՝ վերջին հարյուրամյակում ձևավորված փսևդոհայկական ենթամշակույթներին անծանոթ մեկը դիտի Գևորգ Պետրոսյանի երաժշտական պերֆորմանսը դաշնամուրի հետ, գուցե թվա՝ նամազ է կամ բայաթի, ու կարծի՝ Պետրոսյանն իր մշակույթով իսլամ է քարոզում: Բաց մենք հո գիտե՞նք, որ այդպես չէ: Դա ուղղակի արվեստի տեսքով ինքնարտահայտման ձև է, որին անծանոթ մարդը կարող է սխալ հետևություններ անել:

Եթե մի բանից չեմ հասկանում, կարդում եմ: Նույնիսկ պատահում է՝ չհասկանալս չխոստովանելով թաքուն եմ կարդում (այնքան պրիմիտիվ բան է լինում չհասկացածս, որ ամաչում եմ): Այսօր երեկոյան կարդալու եմ ամեն ինչ հասկացող մարդկանց մասին, որ փորձեմ նրանց հասկանալ»: