ՀՖՖ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հրաշալի է, երբ անցկացվում են նման խոշորամասշտաբ զորավարժություններ, Հայաստանի նման երկրներում այդպիսիք պետք է հնարավորինս հաճախ անցկացվեն, ինչը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու իմանալ պատերազմի դեպքում իր անելիքը: Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում, միթե միայն բանակ ծառայածներս պետք է պատրաստ լինենք առաջինը զենք վերցնելու և սահման գնալու, թե ճիշտ կլինի, եթե խաղաղ ժամանակն օգտագործենք ու զինվորական գիտելիքներ տանք բանակ չգնացածներին: Խոսվում է այս ոլորտում տարիներ շարունակ իշխած կոռուպցիայի մասին, եթե խոսում եք, ուրեմն մի բան ավել գիտեք, գիտեք, որ հիվանդությունների մեծ մասը սարքած է ու գոյություն չունի, այդ դեպքում որն է արդարությունը, երբ երկու տարի ընտանիքից ու ուսումից արդեն հեռու գտնված երիտասարդը հիմա ևս պետք է կանչվի զորավարժության, իսկ նույնիսկ դա չարած մյուս քաղաքացին պետք է այս անգամ ևս հանգիստ զբաղվի իր գործերով: Ընդունեք, որ մեկ անգամ ևս խախտվում է արդարության սկզբունքը, հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է, այլ ոչ թե մեկ անգամ արդեն դրան մասնակցածներինը: Զորակոչ արեք ու տարրական գիտելիքներ սովորեցրեք նաև չծառայածներին»։